Ադրբեջանն Արցախի շուրջ ստեղծում է տնտեսական, ժողովրդագրական և ռազմական նոր ստատուս-քվո
Աղդամի շրջանում մի շարք օբյեկտներ են բացվել, ներկա են եղել Ադրբեջանի նախագահն ու նրա տիկինը: Տեղի է ունեցել «Աղդամ-1» և «Աղդամ-2» ենթակայանների, «Ղարաբաղ»-ի էներգետիկ թվային կառավարման կենտրոնի բացումը։ Բացի այդ, Աղդամում հիմք են դրվել գորգերի գործարանի, բնակելի համալիրի, հյուրանոցի և այլն:
Ադրբեջանն ակտիվորեն իրականացնում է արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի հսկողության տակ անցած շրջանների տնտեսական վերականգնումը: Դա արվում է մի քանի նպատակով: Նախ՝ ցուցադրելու համար Մինսկի խմբին և ողջ աշխարհին, որ Ադրբեջանը թույլ չի տալու այդ տարածքների՝ այդ թվում Շուշիի և Հադրութի վերադարձ հայկական հսկողության ներքո:
Բացի այդ, Ադրբեջանը ցանկանում է արցախահայությանը ցույց տալ, թե ինչ ֆինանսական, տնտեսական հնարավորություններ կարող են բացվել նրանց համար, եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Աղդամում իրականացվում են հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ՝ կառուցվում են ենթակառուցվածքներ:
Մի քանի տարի անց, երբ բնակելի շենքերն ու այլ լոգիստիկան պատրաստ լինեն՝ Բաքուն սկսելու է Աղդամի, Շուշիի և մյուս շրջանների բնակեցումն ադրբեջանցիներով: Մինչև 44-օրյա պատերազմը, Բաքուն հայտարարում էր մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների մասին, որոնք պետք է հետ վերադառնան: Ադրբեջանի հսկողության տակ գտնվող շրջաններ եթե անգամ ոչ մեկ միլիոն, ապա կես միլիոն ադրբեջանցիների վերադարձը փոխելու է ստատուս-քվոն Արցախի շուրջ՝ ժողովրդագրական, տնտեսական, ռազմական առումներով:
Արցախում այսօր գտնվում են ռուս խաղաղապահներ և Ադրբեջանը չի կարող բացահայտ ռազմական ագրեսիա իրականացնել Արցախի դեմ՝ չնայած ժամանակ առ ժամանակ ադրբեջանական զինուժը կրակում է բնակելի տների, դաշտում աշխատող խաղաղ բնակչության ուղղությամբ՝ Արցախում վախի մթնոլորտ ստեղծելու և այն հայաթափելու համար: Սակայն լայնածավալ ռազմական գործողություններ Բաքուն իրեն թույլ տալ չի կարող տալ՝ Արցախում ռուսական ռազմական ներկայության պատճատով:
Սակայն Ալիևն իր հասարակությանը պետք է շեղի ներքին հարյուրավոր խնդիրներից և պատերազմից հետո Բաքվի հսկողության տակ անցած շրջաններում տնտեսական նախագծերը նաև լավ PR են Ալիևի կլանի համար: Չմոռանանք, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչումը բխում է նաև Թուրքիայի շահերից՝ ադրբեջանական ներդրումները մերձարաքսյան շրջաններում՝ երկաթգծի, ճանապարհների կառուցումն օգտագործվելու է նաև Անկարայի կողմից: Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից է բխում մերձարաքսյան շրջաններում էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կառուցումը, որն անցնելու է Իրանի ադրբեջանաբնակ շրջանների երկայնքով:
Այսպիսով, Ադրբեջանն արցախյան հարցի հանգուցալուծումը տեսնում է մի քանի փուլերով: Առաջին փուլը՝ ռազմականն էր, շրջանների գրավումն ու այնտեղ նոր ռազմական լոգիստիկայի ստեղծումը: Քանի որ ռուսական կողմը միջամտեց և թույլ չտվեց Արցախի լիովին հայաթափում, ապա Բաքվի պլանները խառնվել են: Այժմ նրանք իրականացնելու են Արցախի և նրա շուրջ գտնվող շրջանների տնտեսական կլանում՝ վերաբնակվելու համար բոլոր պայմանների ստեղծում: Երրորդ փուլը՝ ժողովրդագրական էքսպանսիան է լինելու՝ այդ շրջանների վերաբնակեցում ադրբեջանցիների կողմից:
Արցախի այսօրվա տարածքի շուրջ ստեղծվում է տնտեսական, ռազմական լոգիստիկա՝ Արցախը բոլոր կողմերից շրջապատվում է ադրբեջանական բնակավայրերով, ինչպես դա եղել է մինչև 1990-ականների՝ արցախյան առաջին պատերազմը:
Ստեփանակերտի շուրջ ստեղծում են ռազմական հենակետեր՝ Շուշիում և Աղդամում, ռուսական խաղաղապահների դուրս բերումից հետո Շուշիից և Աղդամից կրկին հրթիռակոծելու են Ստեփանակերտը, ինչպես արցախյան առաջին պատերազմի օրերին:
Հայկական կողմը պետք է վերականգնի Արցախի ՊԲ-ի մարտունակությունը, կառուցի նոր պաշտպանական բնագծեր, քանի որ գեոպոլիտիկ իրավիճակը կարող է փոխվել շատ արագ՝ ռուսական ռազմական ներկայության դեմ կարող է հանդես գալ ոչ միայն Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, այլ նաև Արևմուտքը: Արցախահայությունը չպետք է ապագայում միայնակ մնա թուրք-ադրբեջանական նոր հարձակմանն ընդառաջ:
Արտյոմ Բալասանով