ԱՄՆ-ն չի ցանկանում հաշվի նստել ՌԴ-ի «կարմիր գծերի» հետ
ԱՄՆ-ն չի հրաժարվի ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի վերադառնա այն դիրքերին, որը զբաղեցրել է մինչև 1997թ.-ը:
ՌԴ-ի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ ՌԴ-ի համար ամենամեծ վտանգը՝ Ուկրաինայի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին, քանի որ այդ դեպքում հարվածային զինատեսակները, հրթիռները, արևմտյան ռազմաբազաները կհայտնվեն ռուսական սահմաններին: Նա նաև նշել է, որ Ուկրաինան կարող է այդ ռազմաբազաներն ու զինատեսակները տեղակայել իր տարածքում նաև չանդամակցելով ՆԱՏՕ-ին՝ այլ արևմտյան երկրների հետ երկկողմ պայմանագրերով:
ԱՄՆ-ն հստակ հայտարարել է իր «կարմիր գծերի» մասին՝ Մոսկվայի հետ բանակցություններում: ՆԱՏՕ-ն շարունակելու է ընդլայնվել դեպի արևելք՝ դեպի ՌԴ-ի սահմաններ և Վաշինգտոնը չի պատրաստվում այդ առումով գնալ զիջումների Մոսկվային և չընդգրկել Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում: Բացի այդ, ԱՄՆ-ն ընդգծում է, որ Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք 1997թ.-ից սկսած դարձել են ՆԱՏՕ-ի անդամ՝ մնալու են Դաշինքի անդամ և այնտեղ գտնվելու են ամերիկյան, նատօական զորքեր:
Արևմուտքը հստակ մեսիջ է հղում Մոսկվային՝ առկա ստատուս-քվոն Արևելյան Եվրոպայում փոփոխության ենթակա չէ, իսկ Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը Դաշինքին՝ հնարավոր է:
ԱՄՆ-ն իր գրավոր առաջարկությունները ներկայացրել է ՌԴ-ին և այժմ Մոսկվան պետք է արձագանքի Արևմուտքի, ԱՄՆ-ի ներկայացրած փաստաթղթին:
ՌԴ-ի համար անընդունելի է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ դրա մասին բազմաթիվ անգամ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ-ի ռազմա-քաղաքական ղեկավարությունը: Բացի այդ, ՌԴ-ի համար ազգային անվտանգության սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի անդամակցությունը Դաշինքին, այլ ուկրաինական տարածքի տրամադրումը արևմտյան, նատօական երկրներին, որպես պլացդարմ՝ընդդեմ ՌԴ-ի, առանց դե-յուրե Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
ԱՄՆ-ն ուլտիմամուտ է ներկայացրել ՌԴ-ին՝ Ուկրաինան և Վրաստանն ապագայում դառնալու են ՆԱՏՕ-ի անդամ, իսկ եթե Մոսկվան որոշի ռազմական ճանապարհով հարցը լուծել՝ Արևմուտքն արդեն պատրաստել է ամենակոշտ տնտեսական պատժամիջոցները: Արևմուտքը շարունակում է ակտիվորեն զինել Ուկրաինային, որպեսզի բարձրացնի այդ երկրի դիմադրողականությունը, ռազմական ներուժը՝ ՌԴ-ի հետ բանակցություններում ավելի շահավետ դիրքերից հանդես գալու համար:
ՌԴ-ն հայտնվել է բարդ գեոպոլիտիկ իրավիճակում՝ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն չեն ցանկանում որևէ գրավոր երաշխիքներ տրամադրել, որ Ուկրաինան և հնարավոր է նաև Վրաստանը չեն դառնալու ապագայում ՆԱՏՕ-ի անդամ, դրան զուգահեռ, զինում են Ուկրաինան և տնտեսական պատժամիջներով սպառնում Մոսկվային:
Ռուսական կողմն այս պայմաններում կարող է ընտրել միակ լուծումը՝ ռազմական ճանապարհով Արևմուտքին ապացուցել, որ ՌԴ-ի «կարմիր գծերը» պետք է հաշվի առնել և ՌԴ-ի անվտանգության ցանկացած սպառնալիք չեզոքացվելու է: ՌԴ-ն շարունակելու է զինել Դոնբասը՝ ռազմական, տնտեսական աջակցություն ցուցաբերելով Դոնբասին, կարագացնի Դոնբասի բնակիչներին ՌԴ քաղաքացիության տրամադրումը, քանի որ, ըստ ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարության՝ Մոսկվան պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների անվտանգությունը:
Արևմուտքն ամեն ինչ անում է ՌԴ-Ուկրաինա ռազմական բախում հրահրելու համար, որպեսզի ունենա պատրվակ՝ Մոսկվայի դեմ կիրառել ամենակոշտ տնտեսական պատժամիջոցներն ու հասնել ՌԴ-ում իշխանափոխության: Արևմուտքը ցանկանում է, որպեսզի Ուկրաինա ռուսական զորքերի մուտքը բոլոր առումներով շատ թանկ նստի Մոսկվայի վրա:
Այս պահին «գնդակը» գտնվում է ռուսական կողմում՝ Մոսկվան պետք է արձագանքի ԱՄՆ-ի գրավոր առաջարկներին և եթե դիվանագիտական լուծումները դառնան անհնարին՝ ռազմական գործիքակազմերով թույլ չտա ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի ռուսական սահմաններ:
Արտյոմ Բալասանով