top of page

Հիմա ես հավաքել եմ ինձ և սկսում եմ ապրել նորովի․ Անահիտ Սիմոնյան



Անահիտ Սիմոնյանը ինստագրամյան էջում նոր գրառում է կատարել, որում խոսել է իր ապրումների, ապագայի, Հայկոյի ներկայությունը զգալու, որդու դաստիարակության, առաջ նայելու մասին։ «Շատ բան եմ ցանկանում ասել, բայց կսահմանափակեմ գլխավորով։ Կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ մեր երազածով և պատկերացրածով է լինում։ Կյանքը երբեմն շատ դաժան հարված կարող է հասցնել մեզ։ Ես հավատում եմ՝ մենք մի օր կհանդիպենք, և ոչ ոք չգիտի ու չի կարող կանխատեսել, թե մեզ համար սովորական օրերից որ օրը դա տեղի կունենա։ Այդ պատճառով մենք պետք է չմոռանանք գնահատել կյանքը, գնահատել հարազատներին, խոսել այն մասին, թե որքան շատ ենք սիրում նրանց, որպեսզի հետո ուշ չլինի, քանի որ ամեն օրն Աստծո պարգևն է և քանի դեռ Աստված տալիս է մեզ այդ հնարավորությունը պետք չէ բաց թողնել այն։ Արտահայտել մեր սերը մի մարդու հանդեպ, որը գնացել է հավերժություն մենք կարող ենք միայն աղոթքով։ Ես չեմ նեղանում Աստծուց, որ նա իմ երեխային առանց հոր թողեց, քանի որ դա նրա կամքն էր։ Թեև չեմ կարողանում համակերպվել տեղի ունեցածի հետ, բայց, ավաղ, այլևս ոչինչ փոխել ու վերադարձնել հնարավոր չէ։ Ես պատրաստ չեմ եղել այդ հարվածին, բայց Աստված ինձ ուժեղ է ստեղծել և երկար տարիներ թրծել է, որ կարողանա դիմանալ այս ցավին և իր երեխայի համար դառնալ ուժեղ մայր, քանի որ հայրիկին ոչ ոք չի կարող փոխարինել այս աշխարհում։ Հայկոն նույնպես գիտեր, որ ես ուժեղ եմ, և նա շատ կտխրեր՝ տեսնելով ինձ կոտրված ու անօգնական, ինչպիսին եղել եմ հիվանդանոցում նրա գտնվելու և նրա մահվան մասին լսելու ժամանակ։ Հիմա ես հավաքել եմ ինձ և սկսում եմ ապրել նորովի։ Նորովի նայել աշխարհին, նորովի զգալ իմ երեխային, նորովի տեսնել այն ամենը, ինչ շրջապատում է ինձ, ցավոք, նորովի ապրել առանց նրա։ Ես ուզում եմ աշխարհը ցույց տալ երեխայիս, իմ աշխարհը , որտեղ չկա չարություն, նախանձ, կեղտ ու չկան դատավորներ։ Իմ աշխարհում նա միայն բարին կտեսնի, իմ որդին կլինի հայրենասեր եւ իր հայրենիքի պաշտպան՝ կոփված կյանքի ցանկացած բարդության դեմ։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա մեզ նեղացնել», – գրել է Անահիտը, ապա հավելել, որ նրա մեջ այժմ կա նաև Հայկոյի ուժը, որը պաշտել է իր երեխային, պաշտպանել նրան ցանկացած ձախողությունից։ Հայրիկ, որը եղել է ամենաբարին, չի նեղացրել ոչ ոքի ու ապրել է լավ կյանք, քանի որ բարի էր ներքուստ։


1/2311
bottom of page