Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է Սեյրան Օհանյանի կնոջ` իր հասցեին արվող գրառումներին
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ իր հասցեին արվող գրառումներին և հայտնել, որ հաղորդագրություն է ուղարկել նրա ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը և սաստել նրա այդօրինակ դրսևորումները:
«Նախկինում և ընդհանրապես բանակում եղած կոռուպցիայի, դրա վերացման ուղղությամբ իմ կողմից արված հայտարարություններից, բերված օրինակներից (այդ թվում՝ Վահագնի թաղամասում տարիներ շարունակ կառուցվող առանձնատունը), ինչպես նաև մամուլում այդ օրինակների շուրջ ծավալված քննարկումներից հետո Սեյրան Օհանյանի տիկինը շարունակաբար անհասկանալի ակտիվություն է ցուցաբերում:
Վերջինիս կողմից երեկ արված հրապարակումից հետո մեդիայում լուրեր տարածվեցին, իբրև թե ես նրան լրատվականներից մեկով անոնիմ պատասխանել եմ: Այս կապակցությամբ նշեմ, որ վերոնշյալ տիկնոջ բովանդակազուրկ գրառումները դուրս են իմ հետաքրքրությունների շրջանակից, հետևաբար անպատասխան են մնալու»,- գրել է Քոչարյանը:
Հիշեցնենք՝ Ռուզաննա Խաչատրյանը, ավելի վաղ դիմելով Անդրանիկ Քոչարյանին, գրել էր.
«Ժողովուրդը և հատկապես ես «հիացած» ենք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստեղծագործելու ձեր ֆանտաստիկ ունակություններով, եւ թերևս համեմատելի եք ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնի հետ:
Իսկ ոմանք էլ, հատկապես դատախազներ, դատավորներ, իրավագետներ, փաստաբաններ, գտնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իմ ընտանիքի դեմ ձեր հայտարարություններն ավելի շատ պոետիկ են եւ իրենց նրբերանգներով հիշեցնում են գերմանացի հանճարեղ պոետ Վ. Գյոթեին»