Աննախադեպ գզվռտոց իշխանության ներսում․ Փաշինյանի դե՞մ, թե՞ Փաշինյանի սցենարով
ՀՀ գլխավոր դատախազությունը չի հաստատել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրական եզրակացությունը և համապատասխան ցուցումներով հետ ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ նախաքննության։
Թվում է՝ սովորական լուր է իրավական ընթացակարգի մասին, որն առանձնապես ուշադրության արժանի չէ։ Սակայն այս լուրն իսկական փոթորիկ առաջացրեց․ երեկ ամբողջ օրը Հակակոռուպցիոն կոմիտեն և Գլխավոր դատախազությունը «պատերազմի» մեջ էին։
Վլադիմիր Գասպարյանի գործին, բնականաբար, չենք անդրադառնա՝ դրա իրավական բաղադրիչի մեկնաբանությունը վերապահելով մասնագետներին, չենք ուզում քննարկել նաև, թե այս գործով իրավապահ մարմիններից որն է գտնվել մասնագիտական բարձունքի վրա կամ գահավիժել այդ կետից։
Մեզ հետաքրքրում է խնդրի քաղաքական կողմը։
Բոլոր երկրներում իրավապահ մարմինները կարող են ունենալ հակասություններ, դրանք, սակայն որպես կանոն, հրապարակային դրսևորում չեն ունենում։
Այս պարագան միանգամայն այլ է։
Հակակոռուպցիոն կոմիտեն արձանագրում է, որ դատախազի որոշումը գնահատում է որպես «անօրինական և չհիմնավորված»՝ փաստորեն օգտագործելով բառամթերք, որից օգտվում է նաև այսօրվա ամենաարմատական ընդդիմությունը՝ գլխավոր դատախազությանը մեղադրանքներ հնչեցնելիս։ Համաձայնեք, որ սա արտառոց երևույթ է։
Գլխավոր դատախազությունն, իր հերթին, Հակակոռուպցիոն կոմիտեին մեղադրում է, որ «չի ապահովել առաջադրված մեղադրանքների համար բավարար ապացույցներ և դրանց բավարար համակցություն»։ Այս մեղադրանքը Սասուն Խաչատրյանը ու ենթակաները լսել են բազմաթիվ անգամներ, բայց՝ ընդդիմադիր գործիչների փաստաբաններից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Հիմա արտառոցն այն է, որ ընդդիմադիր բառամթերքը «յուրացրել» է գլխավոր դատախազությունը։
Իրավապահ մարմինների միջև նման գզվռտոց եղել էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության մայրամուտին․ դա համարվում էր համակարգի ճգնաժամի ցուցիչ։
Արդյո՞ք նույն անկառավարելի իրավիճակն ու ճգնաժամն է նաև Փաշինյանի իշխանության ներսում, թե՞ հենց Փաշինյանն է ստեղծել այս «պատերազմը»՝ կադրային խնդիրներ լուծելու նպատակով։ Առաջիկա օրերին կստանանք այս հարցի պատասխանը։
Վահրամ Բագրատյան