top of page

Անթալիան «ջրվե՞ց», թե՞․․․



Հայաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Վահան Հունանյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում»:


Նախարարությունն այդպես արձագանքել է A Haber թուրքական պարբերականի հաղորդագրությանը, որի համաձայն, Հայաստանի վարչապետը կարող է մասնակցել Անթալիայում կայանալիք միջազգային դիվանագիտական հավաքին: Ըստ թուրքական պարբերականի, այդ մասին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը, նշելով, որ «Անկարան ցանկանում է արագացնել հայ-թուրքական կապերի բարելավման գործընթացը»:


Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ պարզաբանումը կարող ենք համարել վերջնական ու պնդել, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Անթալիայի գագաթաժողովին։


Իհարկե՝ ոչ։


Թուրքիայի փոխնախագահն ուղղակի ակնարկում է այն մասին, որ «Անկարան ցանկանում է արագացնել հայ-թուրքական կապերի բարելավման գործընթացը», այլ խոսքով՝ հասկացնում է, որ մինչև Անթալիայի գագաթաժողովը կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ հնարավոր լինի Փաշինյանի այցը Թուրքիա։ Չենք բացառում, որ նման բանավոր պայմանավորվածություն Անկարայի ու Երևանի միջև եղել է, այսինքն՝ այցը փոխկապակցվել է հայ-թուրքական դիալոգի արդյունքների հետ։


Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ-ն կատեգորիկ չի հերքել Փաշինյանի թուրքական այցի հնարավորությունն․ ընդամենն արձանագրված է, որ այդ հարցը «չի քննարկվում»։ Չենք վիճում՝ այս պահին չի քննարկվում, բայց օրեր կամ շաբաթներ անց՝ քաղաքական այլ իրավիճակում, կարող է քննարկվել։


Եվ վերջապես՝ մեր ԱԳՆ-ն վաղուց կորցրել է իր հեղինակությունը։ Նրա խոսքը չի կարելի արժանահավատ համարել, քանի որ անգամ Փաշինյանն արտաքին քաղաքականության հարցերում ավելի շատ կարող է խորհրդակցել օտար երկրների ներկայացուցիչների, քան մեր արտաքին քաղաքական գերատեսչության հետ։


Վահրամ Բագրատյան

bottom of page