Արմեն Սարգսյանը հեռանում է՝ ճանապարհ բացելով Փաշինյանի համար
Քաղաքական ավանդույթ է ձևավորվել, երբ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում գիշերը կամ հանգստյան օրերին։
Երեկ՝ հանգստյան կիրակի առավոտյան, անոնսավորվել էր, որ այսօր երեկոյան տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հերթական ասուլիսը։ Անկասկած, այդ ասուլիսը ինչ-որ «լուրջ առիթ» պետք է ունենար ու, թերևս, Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չէր, որ կիրակի երեկոյան Արմեն Սարգսյանը հրաժարական է տալու նախագահի պաշտոնից։
Անկեղծ լինենք՝ Արմեն Սարգսյանի հրաժարականը կանխատեսելի էր դեռ հեղափոխությունից հետո, որովհետև նա մեկ այլ՝ Սերժ Սարգսյանի հետ ունեցած չգրված պայմանավորվածություններով ենթադրվող լիազորություններով էր ստանձնել պաշտոնը, բայց 2018-ի մայիսից պաշտոնավարում էր բացառապես «անգլիական թագուհու» կարգավիճակով։
«Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա»,- հրաժեշտի տեքստում ասում է Սարգսյանն՝ ակնարկելով, որ որևէ ազդեցություն չի ունեցել ներքին ու արտաքին քաղաքականության վրա։
Հրաժարականի արագացման մյուս գործոնն, անշուշտ, սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկն էր։ Այս հարցում Սարգսյանը գուցե տարաձայնություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ կամ վերջինս ուղիղ ակնարկել է, որ Սարգսյանի հեռանալու ժամանակն է, որովհետև գործող վարչապետի մոտ առաջացել են նախագահական հավակնություններ։ Կայացել է կոմպրոմիս, թե՞ Սարգսյանը ինքն է որոշել հեռանալ՝ այնքան էլ էական չէ։
Ինչևէ, Արմեն Սարգսյանի հրաժարականն արդեն կայացած փաստ է և ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվելու է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Արդյո՞ք Փաշինյանը ինքը կհավականի նախագահի պաշտոնին ու դե ֆակտո՝ մարիոնետ վարչապետի գոյության համատեքստում, կղեկավարի երկիրը՝ մինչև սահմանադրական փոփոխությունները ու նախագահի ուղղակի ընտրությունները, թե՞ իր «կադրերից» մեկին կգործուղի նախագահական նստավայր՝ մինչև սկզբունքային որոշումներ կայացվեն կառավարման համակարգի վերաբերյալ։ Այս թեմաներին առաջիկա օրերին կանդրադառնանք, հիմա արձանագրենք միայն, որ այսօրվա ԱԺ-ն՝ իր քաղաքական կոնֆիգուրացիայով, կարող է իշխանությանը հաճո նախագահ ընտրել, առնվազն՝ ընտրությունների երկրորդ փուլում, երբ պահանջվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդի կողմ քվեարկությունը։
Վահրամ Բագրատյան