Կապանի ԲԿ տնօրեն Կարեն Մելքոնյանը նույնպես 44 օր չքնեց․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապանի ԲԿ տնօրեն Կարեն Մելքոնյանը նույնպես 44 օր չքնեց իր ամբողջ անձնակազմի և տասնյակ այլ օգնության ժամանած բուժաշխատողների հետ, որպեսզի մեր տասնյակ զինվորներ փրկվեն։ Պատերազմից անմիջապես հետո նա ձեռնամուխ եղավ ԱՄՆ մեր գործընկերների կողմից Հայաստանին նվիրաբերված և առողջապահության նախարարության կողմից Կապանի ԲԿ-ին հանձնված համակարգաչային տոմոգրաֆի տեղադրմանը և գործարկմանը, որը շուտով նաև արդիականացվելու է: Համակարգչային տոմոգրաֆիկ ծառայություն մինչ այդ Կապանում չկար:
Կապանի ԲԿ-ում շուտով նաև կգործարկվի Սյունիքի մարզում միակ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ բաժանմունքը, որը կրկին մինչ այս պահը առկա չէր մարզում և պացիենտները դրա համար ստիպված Երևան էին ուղևորվում: Այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մեր օտարերկրյա գործընկներների հետ մոտ երկու տարի առաջ, երբ համանման բաժանմունք էր բացվում Գյումրիի ԲԿ-ում: Ճանաչենք մերօրյա հերոսներին։
Հ.Գ. նկարները արված են 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ԲԿ-ում»: