top of page

Արտագա՞ղթ, փախո՞ւստ, թե՞ «տուրիստի» հոգեբանություն



Արմեն Սարգսյանն՝ իր քաղաքական կենսագրության ընթացքում, երկրորդ անգամ է հրաժարական տալիս, ընդ որում՝ դա անելով ոչ թե հայրենիքում, այլ՝ հեռավոր Լոնդոնից։


Նման վարքագիծն, անշուշտ, անհարգալից վերաբերմունք է մեր պետության, նրա ինստիտուտների, հասարակության հանդեպ։ Սարգսյանի տիպի մարդիկ հայրենիքը նույնացնում են պաշտոնի, կարգավիճակի հետ․ երբ դա ունեն, նրանք «հայրենասերներ» են, պաշտոնը կորցնելու հետո՝ պարզվում է, որ նրանք հայրենիքի հետ կապող որևէ այլ հանգամանք չունեն։ Այս երևույթը պայմանականորեն անվանվում է «քաղաքական տուրիզմ»։


Ոմանք էլ կարծում են, որ մենք դարձել ենք երկիր, որտեղից արտագաղթում է անգամ երկրի նախագահը։ Արմեն Սարգսյանի հրաժեշտի տեքստը կարող է նման տպավորություն թողել։ Սարգսյանը, հազարավոր շարքային քաղաքացիների նման, տրտնջացել է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներից ու որոշել է արտագաղթել կամ նրա պարագայում՝ վերադառնալ երկրորդ «հայրենիք»։


Իհարկե, կայքերից մեկի հրապարակումներից մեկը կարող է տպավորություն ստեղծել, թե նախագահ Սարգսյանը ճողոպրել կամ փախուստի է դիմել երկրից։


«Հետքը» հոդված է հրապարակել, որտեղ պնդում է, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է նրա` Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն ունենալու հանգամանքով, այլ կերպ ասած, նախագահը խախտել է միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին Սահմանադրության պահանջը, ինչի համար, ի դեպ, քրեական պատասխանատվություն է ենթադրվում։


Դատախազությունը Արմեն Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետքի» հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Գուցե նման հեռանկարն է Սարգսյանին ստիպել՝ հեռանալ երկրից, մանավանդ, որ Հայաստանի իշխանության շահագրգիռ կենտրոնը կարող էր նրան «հուշել» հեռանալու «անշառ» տարբերակը։


Վահրամ Բագրատյան

bottom of page