«Արտառոց» Փաշինյանը
2018-ի հեղափոխություն/իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի սիրած զբաղմունքներից մեկը հասարակությանն «արտառոց» փաստեր ներկայացնելն է, տպավորություն ստեղծելը, որ մինչև իր իշխանության գալը որևէ բարեփոխում, առաջընթաց չենք ունեցել, նույնիսկ՝ կայացած երկիր չենք ունեցել ու ահա՝ հայտնվել է մի «փրկիչ», որը «Նոր Հայաստան» է կառուցում։
Սկզբում Փաշինյանը տևական ասուլիսներ էր տալիս, որոնց ընթացքում խոսում էր կառավարության 100 ձեռքբերումների մասին՝ հարուցելով իր «երդվյալ կողմնակիցների» հիացմունքը ու երկրի բանական քաղաքացիների զարմանքը։
Կորոնավիրուսի պանդեմիան, հետո հատկապես՝ պատերազմը սրբագրեցին Փաշինյանի այս մարտավարությունը։ Համենայն դեպս, ասուլիսներ այլևս տեղի չեն ունենում, դրանց փոխարինել են Փաշինյանի «մենախոսությունները» ՖԲ-ում, որովհետև չափազանց դժվար է աղքատացած ժողովրդին կամ նվաստացած երկրին «կերակրել» նոր «հեքիաթներով»։
Մարտավարությունը փոխվել է, բայց Փաշինյանը՝ ոչ։
Նա շարունակում է «արտառոց» մնալ՝ չնայած, որ այդ «արտառոցությունն», օրինակ, ԼՂ խնդրում Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական եղավ։ Բանակցությունների փաշինյանական «զրոյական» կետը զրոյացրեց առաջին պատերազմի հաղթական հետևանքները։
Հայաստանի կառավարությունը վերաձևակերպել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք» կամ «Հայկական խաչմերուկ», և հույս ունի այն մեծ տեմպերով իրականացնել՝ երեկ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սա Փաշինյանի հերթական «արտառոց հայտնագործությունն» է։ Ծրագրի անունը փոխելով՝ նա փորձում է նոր բովանդակության իմիտացիա ստեղծել։ Փույթ չէ, որ ավելի քան 12 տարիների ընթացքում Հայաստանի կառավարություններին հաջողվել է կյանքի կոչել Վրաստանն Իրանին կապող «Հյուսիս-Հարավ» 556 կիլոմետրանոց մայրուղու ընդամենը 5 տոկոսը՝ այն էլ անորակ մի ավտոճանապարհի տեսքով։
Վահրամ Բագրատյան