Ավինյանի համար աշխատանք է փնտրվում
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը փոխվարչապետի պաշտոնը կորցրեց ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե իբրև նախկին փոխվարչապետը տարաձայնություններ է ունեցել ՔՊ ցուցակի «օլիգարխացման» հարցում, այլ խոսքով՝ ընդդիմացել է, որպեսզի կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվի գործարար Խաչատուր Սուքիասյանը։
Ասում են՝ Ավինյան- Սուքիասյան հակասություններն ավելի «ռազմավարական» բնույթ ունեն․ նրանք երկուսն էլ, ըստ հավաստի լուրերի, 2023թ-ին հավակնում են կառավարող կուսակցության ցուցակը գլխավորել Երևանի ավագանու ընտրություններում։
Այնուամենայնիվ, փոխվարչապետի պաշտոնը թողելուց հետո, Ավինյանը փնտրտուքների մեջ է ու չնայած՝ հրապարակային ակտիվությանը, ակտիվ անուղղակի մասնակցությանը ՏԻՄ ընտրություններին, այդպես էլ չի կարողանում գտնել իր նիշը, որի միջոցով կվերագտներ սեփական ազդեցությունն իշխանության էլիտայում։
Տարբեր վարկածներ են շրջանառվում։
Համարյա որպես կայացված փաստ էր նշվում, որ Ավինյանը գլխավորելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, բայց այս խոսակցությունները գնալով կորցրեցին ակտուալությունը, որովհետև ԶՊՄԿ-ի ճակատագրի շուրջ անորոշությունը դեռ մեծ է, անգամ իրավական ինչ-որ գործընթացներ կան։
Հետո՝ ակտիվ շրջանառվեց այն թեզը, թե իբրև Ավինյանը, Հայկ Մարությանի հրաժարականից հետո, դե ֆակտո, ղեկավարելու է Երևանի քաղաքապետարանը՝ խորհրդականի կարգավիճակով։ Ի դեպ, սա նրա քաղաքապետական նախընտրական արշավի ոչ պաշտոնական ստարտ էր համարվում։ Բայց այս մասին նույնպես՝ որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա։
Ի դեպ, այնպիսի տպավորություն է, թե այս «սլիվները» կազմակերպվում են հենց Ավինյանի շրջապատի կողմից, բայց դրանց նկատմամբ Փաշինյանն անտարբեր է։ Գուցե վարչապետի համար այլևս այնքան էլ հետաքրքիր չէ Ավինյանի աշխատանքի տեղավորման խնդիրը․․․
Վահրամ Բագրատայան