top of page

Ավինյանը զոհաբերվո՞ւմ է



Իշխանությանը մոտ կանգնած տելեգրամյան ալիքներից մեկի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ, ԶՊՄԿ տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ մայրաքաղաք Երևանի փոխքաղաքապետ։ Ըստ այդմ՝ ԶՊՄԿ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի կարգավիճակում նրան փոխարինելու է Սյունիքի նախկին մարզպետ Նարեկ Բաբայանը։ Նարեկ Բաբայանը երեկ ազատման դիմում է ներկայացրել Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։


Տելեգրամյան այլս ալիքի «առանձնահատկություններից» մեկն այն է, որ նրա կադրային «կանխատեսումները» 100 տոկոսով իրականություն են դառնում, այլ խոսքով՝ լրատվամիջոցն, ըստ ամենայնի, օգտվում է իշխանության շատ վստահելի կենտրոններից տրված «սլիվներից»։


Եվ այսպես, թվում է՝ Ավինյանի համար «կանաչ ճանապարհ» է բացվել, որի ավարտին նա զբաղեցնելու է Երևանի քաղաքապետի բաղձալի պաշտոնը։ Գործընթացի ավարտն, իհարկե, նախատեսված է 2023-ի աշնանը, երբ պետք է տեղի ունենան Երևանի ավագանու հերթական ընտրությունները, որոնց ժամանակ ՔՊ ցուցակը գլխավորելու է Ավինյանը։


Հենց այստեղ էլ երևան են գալիս բազմաթիվ «բայց»-եր։


Ենթադրենք՝ Ավինյանը հիմա դառնում է փոխքաղաքապետ, իսկ հաջորդ տարի երևանյան ընտրություններում առաջնորդում է ՔՊ ցուցակը։ Սա ամենևին էլ քաղաքապետ դառնալու երաշխիք չէ, որովհետև անգամ պաշտոնական տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում չի ունեցել երևանցիների մեծամասնության քվեն։ Իշխանության համար՝ էլեկտորալ տրամադրությունների կորագիծը կարող է փոխվել միայն բացասական ուղղությամբ։


Մյուս կողմից, ինչո՞ւ է ընտրություններից այսքան վաղ՝ մոտ մեկ ու կես տարի առաջ, Ավինյանի անունն այսքան շոշափվում՝ որպես հաջորդ քաղաքապետի թեկնածու, առավել ևս՝ ինչո՞ւ է նրա ակտիվում գրանցվում փոխքաղաքապետի պաշտոն, որը կարող է բավարար չլինել վարչական ռեսուրսը կոնսոլիդացնելու համար, բայց թիրախավորում է ցանկացած մեկին՝ նրան դարձնելով մայրաքաղաքի բազմաթիվ խնդիրների պատասխանատու։


Այնպիսի տպավորություն է, որ Ավինյանը քաղաքական առումով զոհաբերվում է՝ Երևանի քաղաքապետ «կարգվելու» փոխարեն։


Վահրամ Բագրատյան

bottom of page