top of page

Աղքատության ու արտագաղթի ուրվականը․ գազը թանկանում է



«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագների վերանայման հայտով: Հավանաբար, գազի սակագինը կբարձրանա արդեն ապրիլի 1-ից։ Մինչ այդ, հունվարի 1-ից թանկացել էր ջուրը, իսկ փետրվարի 1-ից թանկանալու է էլեկտրաէներգիան։ Թերևս, պետք չէ անգամ հիմնավորել, որ համակարգաստեղծ նշանակություն ունեցող սակագների բարձրացումն իր հետ բերելու է ապարանքների ու ծառայությունների շեշտակի թանկացման։


Այս տարվա համար կառավարությունը խոստանում է 7%-ոց աճ, ՀԲ-ն նման լավատեսությանը չի հավատում՝ իրատեսական համարելով 4,8%-ոց աճը։ Փոխարենը՝ կանխատեսելի է երկնիշ գնաճ՝ այն դեպքում, երբ կենսաթոշակները բարձրացել են մի քանի հազարով, իսկ աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում։ Կառավարությունը սահմանափակվելու է հերթապահ հայտարարություններով՝ հղում անելով համաշխարհային միտումներին․ թանկացումներ են համարյա բոլոր երկրներում։


Եթե նույնիսկ այդ պնդումը ճիշտ է, ապա, համենայն դեպս՝ եվրոպական երկրներում գործում են սոցիալական հստակ երաշխիքներ, որոնք թույլ չեն տալիս աղքատության մեծացումը կամ կոմպեսացնում են բնակչության եկամտային կորուստները։ Հայաստանում, բնականաբար, նման բան չկա, կառավարությունն անհաղորդ է հասարակության դարդ ու ցավին։ Աշխարհի շատ երկրներում գործում է արհմիութենական հզոր շարժում, որը նման դեպքերում ճնշում է բանեցնում կառավարությունների վրա՝ զիջումներ կորզելու, հասարակության շահերը պաշտպանելու նպատակով։ Հայաստանում նման բան նույնպես չկա։


Ի վերջո, դեմոկրատական երկրներում գոյություն ունեն ուժեղ խորհրդարաններ, որոնք օգտագործում են օրենսդրական և քաղաքական վերահսկողության իրենց ողջ պոտենցիալը՝ կառավարությանը ստիպելով հաշվի նստել հանրային օրակարգի հետ։ Հայաստանը փաստացի ԱԺ չունի, նման բան հիշեցնող մարմինը վաղուց տեղավորվել է Նիկոլ Փաշինյանի «գրպանում»։ Նման իրավիճակում, հնարավոր է սպասել երկու զարգացում սոցիալական բունտ, կամ՝ աղքատացում ու արտագաղթ։ Հայաստանում առայժմ թևածում է աղքատության ու արտագաղթի ուրվականը։


Վահրամ Բագրատյան

1/2323
bottom of page