top of page

Այս գործո՞վ էլ է Քոչարյանն արդարացվելու



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դանիբեկյանի նախագահությամբ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը թևակոխել է դատաքննության փուլ։


Մեղադրող դատախազներն այսօր հրապարակել են մեղադրական եզրակացությունը։


«Կաշառքի գործի» նկատմամբ հանրային վստահությունը չափազանց փոքր է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գործով տուժող Սիլվա Համբարձումյանը դարձել է իշխանությունների «հերթապահ բողոքավորը», որի դիմումների հիման վրա քրգործեր են հարուցվում նախկին իշխանության առանցքային դեմքերի դեմ։


Համբարձումյանն օդիոզ կերպար է, որի պնդումների վերաբերյալ արժանահավատություն չկա, մանավանդ, որ հրապարակային հարցազրույցներում այս տիկինը հաճախ է հանդես գալիս իրարամերժ պնդումներով։


Ռոբերտ Քոչարյանը այսօր նշել է` չի հասկանում, թե ինքն ինչի մեջ է մեղադրվում, և որ մեղադրական եզրակացության տեքստից ոչինչ հասկանալի չէ. «Չի նկարագրված որևէ գործողություն, որ ես արել եմ, որ չպետք է անեի կամ հակառակը: Ինձ համար բովանդակությունը պարզ չէ, հարգելի՛ դատարան, գտեք տարբերակ` բացատրելու համար, թե ինձանից ինչ են ուզում ընդհանրապես, ինչի մեջ են մեղադրում»:


Ակնհայտ է, որ մեղադրող կողմի հիմքերը չափազանց թույլ են, ինչի մասին, ի դեպ, նշում են նաև իշխանությանը լոյալ փորձագիտական շրջանակները։ Այս համատեքստում՝ միանգամայն հնարավոր է համարվում, որ երկրորդ նախագահը դատական հերթական դրվագով ևս արդարացվի։


Նման հեռանկարն ամենևին չի բացառվում, մյուս կողմից՝ մի շարք հարցադրումների տեղիք է տալիս։


Արդյո՞ք «նախկին կոռումպացված համակարգի» մասին պնդումները եղել են քարոզչական քողածածկույթ, որի միջոցով Նիկոլ Փաշինյանն ու նրա ընդդիմադիր թիմը տարիներ շարունակ մոլորեցրել են հասարակությանը, թե՞ գործ ունենք իրավապահ համակարգի տոտալ դիլետանտության հետ, ինչի հետևանքով նախկինում կատարված առերևույթ հանցագործությունները չեն բացահայտվում։ Այս դիլեման, որի հստակ պատասխանը դեռ չկա, այսօր շատերին է հուզում։


Վահրամ Բագրատյան

bottom of page