Մոսկվայի հռչակագիր vs Շուշիի հռչակագիր. ՌԴ-ն «մեսիջ» է հղում Թուրքիային
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման արդյունքներով ստորագրել են ռազմավարական փոխգործակցության մասին հռչակագիրը:
Ըստ այդ փաստաթղթի, կողմերը կարող են անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական աջակցություն ցուցաբերել: Բացի այդ, հռչակագրում նշվում է, որ կողմերը պարտավորվում են զերծ մնալ միմյանց դեմ որևէ գործողություններից, որոնք կարող են իրականացվել երրորդ երկրների կողմից:
Կողմերը զարգացնելու են ռազմա-տեխնիկական համագործակցությունն, որն ուղղված չի լինելու երրորդ երկրների դեմ: Դրան զուգահեռ, փաստաթղթում նշվում է, որ կողմերը չեն իրականացնելու տնտեսական գործունեություն, որն ուղղակի կամ անուղղակի հարվածելու է միմյանց շահերին:
Ի պատասխան Շուշիի հռչակագրի, որը դե-յուրե պանթուրքական ռազմավարության ճանապարհային քարտեզ է և Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները բարձրացնում է որակական նոր մակարդակի՝ «Մեկ ազգ՝ երկու պետություն» բանաձևի շրջանակներում, Մոսկվան ստիպում է Բաքվին նմանատիպ փաստաթուղթ ստորագրել:
Ռազմական բլոկին վերաբերվող հատվածում տվյալ փաստաթուղթն ընդօրինակում է Շուշիի հռչակագրին, սակայն կան նաև ենթատեքստեր և նրբություններ: ՌԴ-ն ՀԱՊԿ-ի անդամ-երկիր է, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն և ունի ռազմավարական փոխգործակցության և համատեղ պաշտպանության փաստաթղթեր Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանը դե-ֆակտո թուրքական ազդեցության գոտում գտնվող երկիր է՝ Մեծ Թուրան կառուցելու կարևոր պլացդարմ: Եթե Հայաստան-Ադրբեջան ուղիղ ռազմական բախում տեղի ունենա, ապա ՌԴ-ն պարտավորվում է պաշտպանել իր ռազմավարական դաշնակից Հայաստանին: Դրան զուգահեռ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին խոսք լինել չի կարող:
Այս պարագայում փաստաթղթի տվյալ հատվածը հարցեր է առաջացնում: Բացի այդ, կողմերը ռազմա-տեխնիկական ոլորտում խորացնելու են համագործակցությունը՝ ՌԴ-ն շարունակելու է զենք և զինամթերք վաճառել Ադրբեջանին, ինչն իհարկե Հայաստանում դժգոհության ալիք է բարձրացնելու, որն օգտագործվելու է տարբեր հակառուսական ուժերի և Արևմուտքի կողմից: Ադրբեջանը զինվում է և այդ զենքն ուղղվելու է Հայաստանի և Արցախի դեմ՝ Բաքուն չի պատրաստվում պատերազմել Իրանի, Վրաստանի կամ Թուրքիայի դեմ:
Հռչակագրի այն կետը, որտեղ նշված է, որ կողմերը պարտավորվում են զերծ մնալ միմյանց դեմ որևէ գործողություններից, որոնք կարող են իրականացվել երրորդ երկրների կողմից Մոսկվայի «մեսիջն» է Թուրքիային և Արևմուտքին:
Բաքվում ուժեղ են անգլո-սաքսոնական, բրիտանական դիրքերն ու քաղաքական, տնտեսական (Բրիթիշ Փեթրոլիում) ազդեցությունն ու Մոսկվան ազդակ է հղում Անկարային, որ Ադրբեջանը չպետք է դառնա պանթուրքական պլացդարմ ընդդեմ ՌԴ-ի: Վերջերս Թուրքիայում քարտեզ էր հրապարակվել, որտեղ ՌԴ-ի թյուրքախոս շրջանները ներառված էին Մեծ Թուրքիայի կազմի մեջ: Բացի այդ, Մոսկվան նախազգուշացնում է Բաքվին, որ Ադրբեջանի տարածքը չպետք է դառնա ՆԱՏՕ-ական կամ ամերիկյան պլացդարմ՝ Դոնբասի անկախությունը ճանաչած և այնտեղ զորքեր տեղակայող Մոսկվան նույն սցենարը կարող է կիրառել նաև Արցախում: Արցախում այսօր արդեն իսկ կան ռուսական զորքեր՝ խաղաղապահների դրոշի ներքո:
Տնտեսական գործունեության մասին կետը նույնպես խնդրահարույց է, քանի որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ մասնակցում է հակառուսական էներգետիկ-տրանսպորտային նախագծերին՝ նավթագազային ռեսուրսներ արտահանելով դեպի Եվրոպա՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջանքով: Ապագայում այդ միջանցքին կարող են միանալ նաև թուրքմենական և ղազախական նավթն ու գազը:
Այսպիսով, ՌԴ-Ադրբեջան նոր փաստաթղթի ստորագրումը Բաքվի կողմից Մոսկվային սիրաշահելու և Շուշիի հռչակագրի շուրջ ստեղծված անհանգստությունը փարատելու տարբերակ է: Իսկ ՌԴ-ն այդ փաստաթղթի միջոցով «մեսիջ» հղեց Թուրքիային, որ Ադրբեջանը թուրքական միանձնյա ազդեցության գոտի չէ և Մոսկվան ունի ռազմա-քաղաքական և տնտեսական շահեր այդ երկրում:
Արտյոմ Բալասանով