Բաքվի պատասխանը Փաշինյանի «խաղաղության օրակարգին»
Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։
«Հետաքննությունը շարունակվում է։ Հարությունյանը, որն իրեն ներկայացնում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ», հնարավորինս արագ պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ վարչությունների և հետախուզական գործակալությունների կողմից», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։
Դեռ երկու տարի առաջ Բաքվից հնչող նմանատիպ հայտարարություններին կարելի էր հումորով վերաբերել, մանավանդ, որ Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը սովոր էր նման «տեսարաններով» «կերակրել» իր հասարակությանը։
44-օրյա պատերազմն իրավիճակ է փոխել։
Բաքուն կարողանում է ոչ միայն մաքսիմալիստական օրակարգ առաջ քաշել, այլևս հետևողականորեն ձգտում է դրա իրականացմանը։
Այս պատմության մեջ Արայիկ Հարությունյանն ու նրան առաջադրված մեղադրանքը երկրորդական են, որովհետև Բաքուն, անկասկած, փորձում է ավելի գլոբալ խնդիր լուծել, որը վերաբերում է Արցախի սուբեկտությանն՝ առհասարակ։
Արայիկ Հարությունյանին առաջադրված ֆորմալ մեղադրանքի բովանդակությունը երկրորդական է, որովհետև տեսականորեն Բաքուն նման մտացածին հոդված կարող է առաջադրել ցանկացած հայաստանցու կամ արցախցու, ով առնչություն է ունեցել պատերազմական գործողություններին։
Արայիկ Հարությունյանն իրականում «մեղադրվում» է «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ» լինելու համար, իսկ սա նշանակում է՝ Բաքուն կասկածի տակ է դնում Արցախի սուբեկտությունն՝ առհասարակ ու վաղը «հարմար» հոդված կհայտնվի ցանկացած գործչի համար, որը կդառնա Արցախի նախագահ։
Մինչ Հայաստանի ու Արցախի քաղաքական շրջանակները ակտիվորեն քննարկում են ԼՂՀ ապագա կառավարման մոդելը, թեկնածուներ են առաջադրում դեռևս գոյություն չունեցող համակարգի պաշտոնների համար, Բաքվում հետամուտ են եղել մի ծրագրի իրականացմանը, որի վերջնանպատակը Արցախի սուբեկտության իսպառ ոչնչացումն է։
Իհարկե, կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը կխոսի «խաղաղության դարաշրջանի» մասին, մանավանդ, որ Բաքվից շարունակ «դրական ազդակներ» է ստանում․․․
Վահրամ Բագրատյան