top of page

Բոնուս Փաշինյանի՞, թե՞ Հայաստանի համար



Այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։


Այսօրվա հանդիպման կազմակերպման, այսպես ասած, ինֆորմացիոն առաջատարը դարձյալ Հայաստանն էր՝ ինչպես օրեր առաջ, երբ Ղազախստան ուղարկվեց ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն։ Ֆորմալ առումով՝ ամեն ինչ կարգին է, որովհետև այս պահին ՀԱՊԿ-ում նախահագող երկիրը Հայաստանն է։ Սակայն ՀԱՊԿ-ում նման «ակտիվ» նախագահություն դժվար է հիշել․ միշտ առաջին պլանում եղել է ոչ թե արարողակարգային նախագահություն ստանձնած երկիրը, այլ կառույցի գլխավոր քարտուղարն՝ իր աշխատակազմով։


Բոլորի մոտ լեգիտիմ հարց է առաջանում՝ ի՞նչ բոնուս է ստացել Փաշինյանը նման ակտիվության համար, արդյո՞ք այդ բոնուսն օգտագործվելու է Հայաստանի՞, թե՞ անձամբ Փաշինյանի համար՝ ներքաղաքական հարթության վրա։ Բանն այն է, որ ադեկվատ իշխանության, սթափ դիվանագիտական ու քաղաքական հաշվարկների պարագայում՝ Հայաստանը կարող է դիվիդենտներ շահել այն իրավիճակից, որը ստեղծվել է Ղազախստանում, մանավանդ, որ մեր երկիրը չի սահմանափակվել անտարբեր դիտորդի կարգավիճակով։ Եթե առաջացած հնարավորությունների մասին շատ երկար չխոսենք, ապա կարելի է սահմանափակվել ընդամենը մեկ հանգամանքի մատնանշմամբ։


Ղազախական դեպքերի հետևանքով՝ այդ երկրի իշխանությունից կարծես դուրս են մղվում «թուրքական աշխարհի» գաղափարի կողմնակիցները, ամրապնդվում է նախագահի Տոկաևի իշխանությունը, որը դրա համար ակնհայտորեն պարտական է ռուսներին՝ դրանից բխող հետևանքներով։ Թուրքիան կորցնում է՝ գոնե այս պահին, «թուրքական աշխարհի» կարևոր, առանցքային երկրներից մեկին՝ Ղազախստանին՝ իր ռազմավարական, ռեսուրսային, կոմունիկացիոն նշանակությամբ։ Սա ինքնին նշանակում է, որ, օրինակ, «Զանգեզուրի միջանցքը», որը Բաքվի ու Անկարայի առաջնահերթություններից է, կորցնում է իր ակտուալությունը ու Հայաստանը այդ հարցում առնվազն կարող է հասնել հաջողությունների՝ Մոսկվայի հետ արդյունավետ ու ճիշտ աշխատելու պարագայում։ Այդպես կվարվեր ցանկացած ադեկվատ իշխանություն, սակայն Փաշինյանին խորթ է ռազմավարական մտածողությունը, ինչի հետևանքով պետական օրակարգը շատ հաճախ ստորադասվում է նրա քաղաքական ամբիցիաներին։ Մեծ է ռիսկը, որ այս պարագայում գործ կունենանք նույն իրավիճակի հետ, երբ «ղազախական բոնուսը» Փաշինյանը կօգտագործի ոչ թե պետական շահեր սպասարկելու, այլ սեփական իշխանությունն ամրապնդելու համար՝ ցույց տալով, որ հենց ինքն է Մոսկվայի «մարդը» ու լուսանացքում թողելով իր հիմնական քաղաքական օպոնենտներին, որոնց զգալի մասը իր մարտավարությունը կառուցում է ռուսական գործոնի բաղադրիչով։


Վահրամ Բագրատյան


1/2323
bottom of page