ԵՄ-ն և ԱՄՆ-ն կմեծացնեն էներգետիկ անվտանգությունը․ Բորել
Այսօր՝ փետրվարի 7-ին, Վաշինգտոնում կայանալիք ԵՄ-ԱՄՆ էներգետիկ խորհրդի ժամանակ միջոցառման մասնակիցները կքննարկեն տրանսատլանտյան էներգետիկ անվտանգության ամրապնդման, Ուկրաինայի էներգետիկ ճկունությունը բարձրացնելու և էներգիան որպես աշխարհաքաղաքական զենք օգտագործելու կանխարգելման ուղիները. այդ մասին հաղորդվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի բլոգում։ «Մենք մերժում ենք էներգիայի մատակարարումները որպես զենք և որպես աշխարհաքաղաքական ազդեցության լծակ օգտագործելու փորձերը: Էներգետիկ անվտանգության վերաբերյալ ԵՄ-ԱՄՆ վերջին համատեղ հայտարարությունը տրանսատլանտյան էներգետիկ անվտանգության օրակարգի կենտրոնում է դրել գների ապագա ցնցումների հանդեպ դիմակայությունը և աշխարհաքաղաքական լարվածության դեմ երաշխիքները», - ասել է Բորելը:
Նա հավելել է, որ եվրոպացի և ամերիկացի գործընկերները մտադիր են ապահովել ոչ միայն ԵՄ երկրների, այլև նրանց հարևանների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Արևմտյան Բալկանների էներգետիկ անվտանգությունը։
Այժմ, ինչպես ընդգծել է Բորելը, կարճաժամկետ հեռանկարում ամենասուր խնդիրը գազի մատակարարման անվտանգությունն է։ Դիվանագետը նշել է, որ այսօր ԱՄՆ-ն արդեն ԵՄ շուկա հեղուկացված բնական գազի խոշորագույն մատակարարն է, և այդ համագործակցությունն ակտիվորեն զարգանում է։ Եվրամիությունը գազի մատակարարումների ավելացման շուրջ բանակցություններ է վարում նաև Նորվեգիայի, Կատարի, Ադրբեջանի, Ալժիրի և այլ երկրների հետ՝ մատակարարումները մեծացնելու նպատակով։