Բոյկոտ. ընդդիմությունը պարտավոր է այլընտրանքային օրակարգ ունենալ
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Մինչև այդ էլ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, թե որևէ կերպ չի մասնակցելու երկրի նախագահի ընտրություններին։
Առաջին հայացքից ընդդիմության մարտավարությունն արդարացված է։ Ի՞նչ իմաստ ունի մասնակցել նախագահի ընտրություններին, եթե իշխանության թեկնածուի հաղթանակը խորհրդարանական քվեարկության արդեն երկրորդ փուլում երաշխավորված է։ Կամ ինչի՞ կարող է հասնել ընդդիմությունը խորհրդարանական քննիչ հանձնաժողովում, եթե մեծամասնությունը մեխանիկական քվեարկությամբ «արդարացնելու» է Նիկոլ Փաշինյանին ու պատերազմի պարտության «մեղավոր» է նշանակելու գեներալիտետին, մանավանդ, որ «անորակ հրթիռների» գործով արդեն որոշակի «նախադրյալներ» ստեղծվել են։
Այս պնդումներն, իհարկե, լեգիտիմ են, սակայն եթե դրանք բացարձակ ենք դարձնում, անիմաստ է դառնում ընդդիմության գոյություն խորհրդարանում առհասարակ, որովհետև միևնույն է ԱԺ-ում որոշիչ է մեծամասնության «կոճակային» քվեարկությունը։
Մյուս կողմից, ընդամենը բոյկոտը որպես գործունեության պասիվ ձև, ոչինչ չի տալու, որովհետև Փաշինյանն ընդդիմության հետ կամ առանց նրա, իրեն «արդարացնելու» է, «մեղավոր» է «նշանակելու» գեներալիտետին Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։
Ընդդիմությունը կարո՞ղ էր հանձնաժողովին ակտիվ մասնակցությամբ վիժեցնել իշխանության սցենարը։
Դժվար, բարդ գործ է, բայց միանգամայն հնարավոր։
Բոյկոտն էլ է ճանապարհ իշխանության սցենարը վիժեցնելու համար, եթե դառնա ոչ թե քաղաքական պարապուրդ, այլ այլընտրանքային լուծման բանալի։
Մի բան պետք է հստակ հասկանալ մասնակցային ձևաչափը կամ բոյկոտը դրանք ընդամենը մարտավարություն են, որոնք էֆեկտիվ կարող են լինել, եթե ընդդիմությունն ունի օրակարգ։ Հենց դա է պակասում ԱԺ այսօրվա ընդդիմությանը, ինչի պարագայում անիմաստ է քննարկել այս կամ այն մարտավարության արդյունավետությունը։
Վահրամ Բագրատյան