top of page

Բրիտանա-ռուսական «Մեծ խաղը» թևակոխում է նոր փուլ


Մեծ Բրիտանիան աշխատանքներ է տանում Ուկրաինայի և Լեհաստանի հետ եռակողմ ֆորմատով կապերի խորացման համար: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասսը:


Արևմուտք-ՌԴ նոր «սառը պատերազմի» ֆոնին Լոնդոնը ցանկանում է ռուսական սահմանների երկայնքով ստեղծել բուֆերային գոտի՝ երկրների կոալիցիա, որոնք պետք է ունենան հակառուսական արտաքին քաղաքական ուղղվածություն և թույլ չտան ՌԴ-ի հարաբերությունների խորացում Գերմանիայի և Ֆրանսիայի հետ: Մեծ Բրիտանիան շեշտը ցանկանում է դնել ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի և ՆԱՏՕ ձգտող և ՌԴ-ի հետ բարդ հարաբերություններ ունեցող Ուկրաինայի վրա:


Լեհաստանը պատմականորեն քաղաքական խնդիրներ է ունեցել Մոսկվայի հետ և Լեհաստանը ցանկանում է ամրապնդել կապերը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, ՆԱՏՕ-ի հետ՝ ռուսական ազդեցությունը զսպելու համար: Լեհաստանն, իր հերթին, ցանկանում է վերականգնել իր ազդեցությունը նախկին Ռեչ Պոսպոլիտայի տարածքում, ինչպես նաև՝ ստեղծել սեփական ազդեցության գոտին:


Լեհաստանը փորձում է կառուցել «Междуморье» կոչվող միավորը, որի մեջ պետք է մտնեն, ըստ Վարշավայի, Բալթիկ և Սև ծովերի միջև ընկած երկրները, այդ թվում՝ Ուկրաինան: Այդ ծրագիրը 1920-ականներին առաջ էր քաշել Լեհաստանի առաջնորդ Յուզեֆ Պիլսուդսկին:


Մեծ Բրիտանիան խորացնում է կապերը Լեհաստանի և Ուկրաինայի հետ: Մոսկվայի հետ հակասությունների սրման ֆոնին Լոնդոնը բրիտանական զորքեր է ուղարկել Լեհաստան, ինչպես նաև՝ ակտիվորեն զինում է Ուկրաինային:


2020թ.-ին Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև ստորագրվել է հուշագիր՝ ռազմական ոլորտում համագործակցության մասին: 2021թ.-ին Կիևը հայտարարել է, որ Լոնդոնի օգնությամբ Ուկրաինան 2 նոր ռազմա-ծովային բազաներ է կառուցելու: Բացի այդ, Մեծ Բրիտանիան 2.3 միլիարդ դոլար է հատկացնելու Ուկրաինայի նավատորմն ուժեղացնելու համար:


Լոնդոնն ունի սերտ տնտեսական, առևտրային, ռազմաքաղաքական կապեր նաև Լեհաստանի հետ: Նշենք, որ Մեծ Բրիտանիայում բնակվում է գրեթե մեկ միլիոն լեհ՝ լեհական համայնքը խոշորներից մեկն է Բրիտանիայում:


Մեծ Բրիտանիայի և ՌԴ-ի միջև սկսվել է նոր «Մեծ խաղ» («Great game») և այդ շախմատային խաղատախտակում Լոնդոնը գործելու է Լեհաստանի և Ուկրաինայի միջոցով, իսկ Մոսկվան տարածաշրջանում շեշտը դնելու է Բելառուսի, Դոնբասի և Ղրիմում տեղակայված իր սևծովյան նավատորմի հզորության վրա:


Այսպիսով, ի դեմս Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների՝ Մեծ Բրիտանիան ցանկանում է ստեղծել հակառուսական պլացդարմ, որի միջոցով զսպելու է ռուսական ազդեցության ընդլանումը թե հետխորհրդային տարածքում, թե սևծովյան տարածաշրջանում: Դրան զուգահեռ, հենվելով Արևելյան Եվրոպայի երկրների վրա, Լոնդոնը ցանկանում է թույլ չտալ իր պատմական գեոպոլիտիկ մրցակիցների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի կապերի խորացումը նավթագազային և այլ ռեսուրսներով հարուստ ՌԴ-ի հետ:


Արտյոմ Բալասանով


1/2324
bottom of page