Կանադայում ցույցերը ցրելու համար կարող է ներգրավվել բանակը
Կանադայում շարունակվում են բեռնատարների վարորդների ցույցերը պարտադիր պատվաստման և կարանտինի դեմ։
The Guardian պարբերականի հաղորդմամբ՝ Օտտավայի ոստիկանապետը նախազգուշացրել է, որ ցույցերը ցրելու համար կարող է ներգրավվել զինվորականությունը, քանի որ ոստիկանությունը չունի ռեսուրսներ՝ մայրաքաղաքում կայանված բեռնատարների շարասյունը հեռացնելու համար։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ զինվորականությանը ներգրավելը լուրջ վտանգ է պարունակում, քանի որ հավանական է՝ ցուցարարները զինված են։
Իրավիճակը մի քանի օր է՝ լարված է նաև Ալբերտա նահանգի՝ ԱՄՆ-ի հետ սահմանակից Քութս քաղաքում։ Տասնյակ բեռնատարներ արգելափակել են ԱՄՆ տանող գլխավոր մայրուղիներից մեկը։ Քաղաքը կարևոր սահմանային անցակետ է Ալբերտայի մսի արտահանման և անասնաբուծական կերերի ներմուծման համար: