top of page

Դատարանի որոշումը՝ երկուշաբթի․ կխոսի՞ Տոնոյանը



Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցների վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին, ժամը՝ 11։00-ին։


Անցնող շաբաթվա ընթացքում մեկնարկած դատական աղմկոտ գործընթացի ինտրիգային հարցերից մեկը վերաբերում է հենց խափանման միջոցների հարցին, հատկապես՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով։ Նրա փաստաբանական խումբը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, որոնց իմաստն այն է, թե Տոնոյանը շատ բան ունի ասելու, եթե շարունակի մնալ անազատության մեջ։ Պարզ է, որ այս ուղերձը հասցեագրված է, առաջին հերթին, Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին։


Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող» մականունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը։ Արդյո՞ք այս միջնորդությունը համաձայնեցված է իշխանությունների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ստորագրել են կառավարող խմբակցության երկու պատգամավորներ ու Նիկոլ Փաշինյանին խիստ լոյալ կուսակցության ղեկավար, թե՞ այս մարդիկ գործել են իրենց նախաձեռնությամբ։


Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ, համենայն դեպս՝ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը դեռ չունի քաղաքական որոշում՝ ինչպես վարվել այս գործի ու մասնավորապես՝ Դավիթ Տոնոյանի հետ։


Դատարանը որոշել է դռնփակ անցկացնել Դավիթ Տոնոյանի գործով դատավարությունը, անգամ նախնական դատական նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր նախաքննության փուլում մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցի նպատակահարմարության հարցը։


Սա էլ՝ աղմկահարույց այս գործի մյուս ինտրիգն է։


Պաշտպանական կողմը պնդում է, որ որևէ պետական գաղտնիքի հետ այս քրեական գործն առնչություն չունի։


Ավելի շատ հակված ենք արժանահավատ համարել այս կարծիքը, մանավանդ, որ իշխանության առաջնահերթությունը ոչ թե կոնկրետ քրգործի բացահայտումն է, այլ պատերազմի պարտության «մեղավորի» նշանակումը։ Ենթադրվում է, որ այդ «օպերացիայի» շրջանակում է այս քրեական գործը, որի հրապարակային դատավարությունը կարող է զրոյացնել իշխանության օրակարգը։


Վահրամ Բագրատյան

1/2324
bottom of page