Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը
Ամերիկյան Forbes-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի 38-րդ համաշխարհային վարկանիշային աղյուսակը։
Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ և գործադիր տնօրեն Բեռնար Առնոն։ Մեկ տարվա ընթացքում նա հարստացել է 22 միլիարդ դոլարով, և այժմ նրա կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար:
Երկրորդ և երրորդ տեղերում են, ինչպես և մեկ տարի առաջ, համապատասխանաբար Իլոն Մասկը և Ջեֆ Բեզոսը։ Մարկ Ցուկերբերգն այս տարի վերադարձել է առաջին տասնյակ։
Ինչպես և անցյալ տարի, 2-րդ և 3-րդ հորիզոնականների համար պայքարում էին Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր, վարկանիշային աղյուսակը 2022-ին գլխավորած Իլոն Մասկը և Amazon-ի ղեկավար, մինչև 2022 թվականը չորս տարի անընդմեջ ամենահարուստների վարկանիշային աղյուսակը գլխավորած Ջեֆ Բեզոսը:
Մասկը անցյալ տարվա պես հաղթեց Բեզոսին՝ վաստակելով 1 միլիարդ դոլարով ավելի:
Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի վերադարձը առաջին տասնյակ անսպասելի էր: Տարվա ընթացքում նա վաստակել է ավելի քան 100 միլիարդ դոլար եւ հայտնվել 4-րդ տեղումը (անցյալ տարի 16-րդն էր)։
Այս տարվա լավագույն քսանյակում կա միայն մեկ կին՝ L'Oréal-ի կոսմետիկական կայսրության փոխնախագահ Ֆրանսուազ Բետանկուր-Մայերը: Նրա կարողությունը փոքր-ինչ ավելացել է՝ հասնելով 99,5 միլիարդ դոլարի: Նա 15-րդ տեղում է՝ հաստատելով մոլորակի ամենահարուստ կնոջ իր կարգավիճակը:
Իսկ Walmart կայսրության հիմնադիր Սեմ Ուոլթոնի ժառանգներից մեկը՝ Էլիս Ուոլթոնը լքել է քսանյակը՝ հետ մնալով 18-րդ և 19-րդ տեղերը զբաղեցրած եղբայրներից։ Թոփ 20-ը լքել են նաեւ Չարլզ եւ Ջուլիա Կոխերը։
Ըստ Forbes-ի հրապարակած աշխարհի միլիարդատերերի ցանկի՝ աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց կարողությունը գնահատվում է ընդհանուր 2,48 տրիլիոն դոլար։