«Դոնբաս օպերացիա». ՌԴ-ն փակում է Ուկրաինայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է, որպեսզի ռուսական զինված ուժերը «խաղաղապահ գործառույթներ իրականացնեն» Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում։ Այս մասին ասվում է Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին հրամանագրերում։
Արևմուտքն ականջալուր չեղավ ՌԴ-ի պահանջներին՝ հաշվի առնել Մոսկվայի շահերը հետխորհրդային տարածաշրջանում՝ Ուկրաինան զերծ պահել ՆԱՏՕ-ից և չսրել իրավիճակը Դոնբասում:
Մոսկվան ճանաչեց Դոնբասի անկախությունն ու պաշտպանելու է տեղի բնակչությանը՝ ռուսական զինված ուժերի միջոցով: Ապագայում Դոնբասը՝ կրկնելով Ղրիմի ճակատագիրը, կարող է միանալ ՌԴ-ին: ՌԴ-ն փոխեց ստատուս-քվոն ուկրաինական ճակատում՝ գնդակն այժմ գտնվում է Արևմուտքի խաղադաշտում: Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ն չի պատերազմելու միջուկային տերություն ՌԴ-ի դեմ, իսկ ուկրաինական բանակի կողմից Դոնբասի վրա լայնածավալ հարձակումը կհանգեցնի ՌԴ-Ուկրաինա ռազմական բախման՝ Կիևի համար դրանից բխող ծանր ռազմաքաղաքական հետևանքներով:
Մոսկվան ամրապնդեց իր դիրքերն Ուկրաինայում՝ չնայած այդ քայլին հետևելու են Արևմուտքի կոշտ պատժամիջոցները: Դոնբասի բնակիչներն արագացված կարգով ստանալու են ՌԴ քաղաքացիություն, օգտվելու են ՌԴ-ի տնտեսական, ռազմաքաղաքական աջակցությունից՝ Դոնբասը դառնալու է գործոն, ազդեցության լծակ, որի միջոցով ՌԴ-ն բանակցելու է Արևմուտքի հետ:
ՌԴ-ն գնաց Դոնբասի ճանաչման ճանապարհով, քանի որ Արևմուտքը չտվեց ոչ մի երաշխիք առ այն, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ և հետխորհրդային այլ երկրներում չեն տեղակայվի ամերիկյան ռազմաբազաներ: ՌԴ-ն դիվանագիտական ճանապարհով փորձեց ապահովել իր ազգային անվտանգությունը, սակայն Արևմուտքի կողմից չստանալով փոխզիջումային որևէ առաջարկություն՝ դիմեց ռազմա-քաղաքական գործիքակազմին:
Ուկրաինան ունենալով Ղրիմի և այսօր նաև Դոնբասի խնդիրները՝ տարածքային վեճ, չի կարողանալու դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
Դոնբասի ճանաչմամբ Մոսկվան փակեց Ուկրաինայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ: Եթե Արևմուտքը ցանկանա ռազմաբազաներ տեղակայել ուկրաինական տարածքում՝ այդ պարագայում Մոսկվան օգտագործելու է Դոնբասն ու Ղրիմը, որպես ռազմական պլացդարմներ՝ ողջ Ուկրաինան գրավելու համար:
ՌԴ-Բելառուս ռազմական դաշինքը՝ Բելառուսում տեղակայված ռուսական ռազմական ենթակառուցվածքները կարող են օգտագործվել Կիևը մի քանի ժամում գրավելու համար: Այս առումով Ուկրաինային մնում է մեկ ելք՝ փոխել արտաքին քաղաքական ուղենիշները՝ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից և գտնել փոխզիջումային տարբերակներ՝ Դոնբասի հարցը կարգավորելու համար:
Չմտնել Դոնբաս՝ այսօր ՌԴ-ի համար կնշանակեր ունենալ Դոնբասում ամերիկյան, նատօական ռազմաբազաներ մի քանի տարի անց՝ ինչը Մոսկվայի համար անթույլատրելի էր անվտանգային նկատառումներով:
Արտյոմ Բալասանով