Հայաստանի «կորեացումը»․ վտանգավոր նախադեպ
Նախօրեին Հայաստանում դատարանի կողմից առաջին դատավճիռն է կայացվել «ծանր վիրավորանքի» հոդվածով։ Քաղաքացին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի՝ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով:
Գործն ունի հետևյալ նախապատմությունը․ քաղաքացին 2021-ի սեպտեմբերի 20-ի երեկոյան զանգահարել է ոստիկանություն, բողոքել Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի բնականոն գործունեությունը պատշաճ չկազմակերպելուց և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի ու նրանց ընտանիքների անդամների հասցեին:
Հայաստանում ստեղծվում է շատ վտանգավոր, այսպես կոչված՝ կորեական նախադեպ, երբ երկրի առաջնորդն, ըստ էության, վեր է օրենքից, ցանկացած քննադատությունից ու ձևավորվում է նրա անձի պաշտամունք։
Նիկոլ Փաշինյանը վաղուց է անցել տաբուները ու այլևս նույնացվում է ոչ թե հեղափոխության, ժողովրդավարության, այլ ավտորիտարիզմի, դեսպոտիզմի հետ։ Այսուհետ ցանկացած քաղաքացի կարող է մտահոգություն ունենալ, որ իր քննադատությունը, հրապարակային խոսքը կարող են համարվել «ծանր վիրավորանք»՝ դրանից բխող իրավական, նաև ֆինանսական հետևանքներով։
Այս պատմությունն, անկեղծ ասած, պետք է մտահոգի Վահագն Խաչատրյանին, ով տոլերանտության կարգախոսներով, օրակարգով հավակնում է դառնալ Հայաստանի նախագահ։
Գործի մյուս ֆիգուրանտը՝ «տուժողը» նա է ու այնպիսի տպավորություն է, որ իշխանության պրոպագանդան իր «սիրելի թեկնածուին» «փչացնում» է՝ մինչև նախագահ դառնալը, հասարակության աչքերում նրա կերպարը ամբողջովին նույնացնում է Փաշինյանի, ռեպրեսիվ մեքենայի հետ։
Հիմա հասկացա՞ք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը «հետևողական» ջանքեր գործադրում՝ «գրպանային» դատարան ունենալու համար։ Միայն այդ ճանապարհով նա կարող է լռեցնել տասնյակ հազարավոր քաղաքացիների, որոնք այլևս չեն կարողանում հանդուրժել կեղծիքին ու մանիպուլյացիան, անարդարությունն ու աղքատությունն ու ամեն օր ավելի ու ավելի արմատական քննադատություն են հնչեցնում Փաշինյանի հասցեին։
Փաշինյանը որոշել է «երեք միլիոն վարչապետներին» լռեցնել դատական ակտերով, ոստիկանության բեսպրեդելով, որպեսզի Հայաստանում հաստատվի «միակ վարչապետի» անսահմանափակ իշխանություն։
Վահրամ Բագրատյան