Հայ- թուրքական երկխոսություն. ինֆորմացիոն վակում լուրջ անհանգստություններով
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ տևել է 1,5 ժամ։ Ինչ են խոսել բանագնացները հայտնի չէ, համենայն դեպս պաշտոնական հաղորդագրություններն այս իմաստով շատ ժլատ են։ Հայ- թուրքական երկխոսության մեկնարկը ողջունել են աշխարհի գրեթե բոլոր կարևոր կենտրոնները հանդես գալով լակոնիկ հայտարարություններով։
Հանդիպման ավարտին Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ-ները հանդես են եկել առանձին, բայց նույն տեքստերով հայտարարություններով։
Երկուստեք հանդիպումը համարվել է «դրական և կառուցողական», ավելին Անկարան, ըստ ամենայնի, չի առարկել, որ պաշտոնական տեքստում մի ձևակերպում տեղ գտնի, որն ավելի շատ բխում է հայկական օրակարգից։
«Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների լիակատար կարգավորման նպատակով»,- ասվել է համաձայնեցված հայտարարության տեքստում։ Իհարկե, սա բնավ չի խանգարում, որպեսզի Թուրքիայի նախագահ Էրդողանը պարբերաբար ու հետևողականորեն հայ- թուրքական երկխոսությունը փոխկապակցի հայ- ադրբեջանական հարաբերությունների հետ։
Այս առումով ուշագրավ բացահայտումներ է անում պաշտոնական Անկարային մոտ կանգնած Hürriyet թերթը, որը խոչընդոտներ չի տեսնում կոմունիկացիաների գործարկման, հայ- թուրքական սահմանի բացման հարցերում, բայց կարևոր արձանագրում է անում։ Հոդվածի հեղինակը նշում է, որ հաջորդիվ բանակցություններ կլինեն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ, սակայն այս մակարդակում Անկարան Երևանից որոշ պահանջներ ունի։ Դրանցից առաջնայինները լինելու են ՀՀ-ի Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալու մասին պաշտոնական հայտարարությունը, ինչպես նաև «1915-ի դեպքերը» օրակարգ չբերելը, այլ դրանք պատմաբանների հանձնաժողովին փոխանցելը։ Այնպես է ստացվել, որ հայ-թուրքական երկխոսության, գործընթացի մասին մենք գրեթե ոչինչ չենք իմանում մեր պատկան մարմիններից` սահմանափակվելով այն տեղեկատվությամբ, որի աղբյուրը թուրքական իշխանություններն են կամ ԶԼՄ-ները։ Երեկվա հանդիպումը բացառություն չէր, եթե հաշվի չառնենք Հայաստանի ԱԳՆ-ի ոչինչ չասող տեքստը։ Ինֆորմացիոն վակուումը անհանգստության լուրջ հիմքեր է ստեղծում, մանավանդ, որ խորհրդավոր բանակցությունների ոդիսականը շատ ծանր հետևանքներով ավարտվեց ԼՂ խնդրի պարագայում։
Վահրամ Բագրատյան