ՀՀ-Իրան հարաբերությունները պետք է հարստացնել տնտեսական ծրագրերով
Իրանի և Հայաստանի ժողովուրդները ունեն պատմական երկարամյա հարաբերություններ, և դա հիմք է հանդիսանում պատշաճ հարաբերություններ ունենալու և այդ հարաբերությունները առավել ընդլայնելու համար: Երկու կողմերն էլ այն կարծիքին են, որ հարաբերությունները կարող են առավել զարգանալ և հասնել ավելի բարձր մակարդակի՝ հատկապես տնտեսական ոլորտում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
Դեսպանը նշել է, որ Հայաստանի տարածքով երթուղիները իրենց համար շատ կարևոր են: «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի մաս կազմող «Հյուսիս – Հարավ» ճանապարհային նախագիծը և Հայաստանով անցնող այլ տարանցիկ ուղիները, որոնք «Հյուսիս – Հարավ» միջազգային միջանցքի մաս են կազմում, կարևոր նշանակություն ունեն Իրանի համար:
Հայ-իրանական հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ: 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում փոխվել է առկա ստատուս-քվոն՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ թուրքական գործոնի ուժեղացումն իրանական սահմանների երկայնքով անհանգստացնում է Թեհրանին:
Դեսպանը նշել է, որ երկկողմ քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները պետք է հարստացնել նաև տնտեսական կապերով: Իրան-Հայաստան հարաբերություններում տնտեսական բաղադրիչը պետք է հարստացնել նոր էներգետիկ-տրանսպորտային նախագծերով, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքն օպերատիվ կերպով կյանքի կոչելով: Իրանի համար կարևոր է ունենալ անխափան կապ թե Հայաստանի հետ, թե Հայաստանի տարանցիկ հզորությունների միջոցով ելք ունենալ դեպի Վրաստան, Ռուսաստան և Սև ծով:
Իրանական ներդրումները պետք է ավելի մեծ չափով ներկա լինեն հայկական տնտեսության մեջ: Հայ-թուրքական սահմանի բացման պարագայում հայկական տնտեսության մեջ ուժեղանալու է թուրքական կապիտալի դերը, ինչը նույնպես անհանգստացնում է Իրանին:
Հայ-իրանական համատեղ ձեռնարկությունները, համատեղ խոշոր լոգիստիկ նախագծերը կարևոր են հայկական կողմի համար՝ արտագաղթը կանխելու, նոր աշխատատեղեր բացելու և լրացուցիչ ֆինանսական հոսքերը դեպի բյուջե ուղղելու համար: Իրանն էլ ցանկանում է Հայաստանում ունենալ քաղաքական, տնտեսական ներկայություն և ազդեցության լծակներ, ինչպես այդ լծակներին տիրապետում է Ռուսաստանը:
Նշենք, որ Իրանն էներգետիկ-տրանսպորտային նախագծեր է կյանքի կոչում Ադրբեջանի հետ՝ կառուցվում է երկաթգիծ, որը կապելու է Իրանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը: Հարավային Կովկասում Իրանը ցանկանում է պահպանել բալանսավորված քաղաքականություն՝ զարգացնելով կապերը բոլոր հարևանների հետ և այս առումով Հայաստանը չպետք է կորցնի պատմական շանսն Իրանի հետ կապերը նոր որակական մակարդակ բարձրացնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի քայլերին դիմագրավելու համար:
Արտյոմ Բալասանով