Բոլորը պետք է հպարտանան, որ Գարիկ Սարգսյանի նման քաղաքացի ունեն. Հովիկ Աղազարյան
Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում ուժերի դասավորվածությունն այնպես էր, որ պետք է կոալիցիոն ղեկավարություն ձևավորվեր, որը տեղի չունեցավ։ Այդ պատճառով հաջորդ քայլը սա է, որ նոր ընտրություններ լինեն, քանի որ եթե չի կայանում կոալիցիա, քաղաքական ուժերը չեն գալիս համաձայնության, ապա սա ճանապարհներից մեկն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով Վեդիում ՏԻՄ ընտրությունների արդյունքներին:
«Նրանց մոտեցումներն ավելի շատ անձնական են, քան քաղաքական, որովհետև ես չեմ կարծում, որ «Իմ հզոր համայնք» միավորումը լուրջ քաղաքական փորձ ունի մեր իրականության մեջ։ Իսկ «Հանրապետության», առավել ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումները քաղաքական են։ Հետևաբար բնական է, որ նման միավորումը հնարավոր չէ։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող էր «Հանրապետության» հետ կոալիցիա կազմել, բայց այնտեղ խնդիրը կայանում էր «Հանրապետության» ցուցակում ընդգրկված որոշ անձանց բացասական դիրքորոշման հետ։
Անդրադառնալով մրցող կուսակցությունների հարաբերություններին, նա ասաց, որ վիճաբանություններից տեղյակ է, բայց դանակահարություններից՝ ոչ։
«Եթե գլխավորում ես ցուցակը, և բնականորեն բոլորի համար ակնհայտ է, Հայաստանում և աշխարհում, որ Հանրապետություն կուսակցությունը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող են կոալիցիա կազմել և իրենց պատասխանատվության տակ վերցնել համայնքի ղեկավարումը։ Եվ երբ դու դրան հակոտնյա ես գնում, ապա հարցեր են առաջանում, թե այդ դեպքում ինչու էիր մասնակցում ընտրություններին։ Պետք էր մտածել, թե չհաղթելու դեպքում հավանական տարբերակները որոնք են և ըստ այդմ կուրս որդեգրել։ Սա խոսում է այն մասին, որ մենք ճանապարհ ունենք անցնելու համայնքային ընտրությունները ևս քաղաքականի վերածելու համար»։
Հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի նոր ընտրությունների հետ կապված Վեդիում, նա ասաց, որ դժվար է ասել, թե նոր ընտրություններն ինչ արդյունք կտան, քանի որ «Իմ հզոր համայնք» կոալիցիան բավական մեծ թվով ձայներ է հավաքել և կձգտեն, որպեսզի հաղթահարեն 50 տոկոսի շեմը, սակայն կարող է նաև լրիվ հակառակը տեղի ունենալ։
«Բոլորը պետք է ուրախանան և հպարտանան, որ Գարիկ Սարգսյանի նման քաղաքացի ունեն, որովհետև նա, ունենալով շատ կոմֆորտ պաշտոն, լուրջ, պատասխանատու աշխատանք, գնում է այդ ռիսկին և փորձում է ներկայանալ և իր ծառայությունները մատուցել ժողովրդին։ Այն արդյունքը, որ ցույց տվեց «Քաղաքացիական պայանագիր»-ը Վեդի համայնքում Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, ես համարում եմ լավագույն արդյունքներից մեկը՝ հաշվի առնելով այնտեղ Ավշարի մեր հայրենակիցների գործոնը, ինչպես նաև համայնքապետերի տոտալ հակատրամադրվածությունը Գարիկ Սարգսյանի դեմ, ինչը խոսում է Գարիկ Սարգսյանի դրական որակների մասին»,- հավելեց նա։