top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՇՈՒՇԻԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է


Նախօրեին հայտնի դարձավ, որ Շուշին հանձնելու համար հայաստանյան իրավապահներն Արցախից Հայաստան գալու ճանապարհին  ձերբակալել են Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին: Հիշեցնենք, որ նա Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ էր նշանակվել 2019 թվականին` Բակո Սահակյանի հրամանագրով, իսկ 2020-ին ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վիրավորվելուց եւ պաշտոնանկությունից հետո Արայիկ Հարությունյանի՝ հոկտեմբերի 26-ի հրամանագրով նշանակվել էր ՊԲ հրամանատար։ Չնայած  պարզ է, որ հայկական բանակի իրական պարտությունը եղել է մինչեւ հոկտեմբերի 26-ը, եւ երբ Միշիկը բանակի կառավարումը ստանձնել է, այլեւս հնարավոր չի եղել իրավիճակը փոխել, քանի որ մինչ այդ հայկական բանակն արդեն 100 կիլոմետրից ավելի նահանջել էր։ Սակայն Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման Քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Շուշիի հանձնման մեղավորը Միքայել Արզումանյանն է։



Ուշագրավ է, որ պատերազմից հետո երկու տարվա ընթացքում Փաշինյանը, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, տարբեր ժամանակներում Շուշիի հանձնման տարբեր մեղավորներ է հռչակել՝ Միշիկը 6-րդը կամ 7-րդն է։ Պատերազմից անմիջապես հետո, երբ ընդդիմությունը փողոցում էր, Փաշինյանը Շուշիի անկման մեղավորներ հռչակեց ընդդիմադիր գործիչներ Գագիկ Ծառուկյանին ու Արթուր Վանեցյանին՝ ասելով, թե Ծառուկյանը կամավորականներին չհասցրեց Շուշի, իսկ Վանեցյանն իր ջոկատով փախել է Շուշիից։ Իսկ այսօր, արդեն Արզումանյանին առաջադրված մեղադրանքի մեջ հերքվում են Փաշինյանի՝ նախկինում արված այդ մեղադրանքները։ Այդ հաղորդագրությունում մի հատված հենց Արթուր Վանեցյանի ջոկատին է վերաբերում․ «Նոյեմբերի 5-ին N զորամասի մեկ հրաձգային գումարտակը տեղակայվել է Շուշի-Քարին տակ խաչմերուկից մինչեւ «Իսահակի աղբյուր» կոչվող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մոտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդեն իսկ հսկողության տակ են վերցրել Քարին տակ բնակավայրը, Շուշի-Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչվող տեղամասի հատվածը եւ «Իսահակի աղբյուր» կոչվող տեղամասի խորքն ընկած հատվածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանություն, տվյալ ուղղություն տեղափոխվելով՝ անմիջապես հայտնվել է շրջափակման վտանգի տակ եւ պաշտպանության փոխարեն անցել է ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր եւ վիրավորներ, մինչդեռ նշված ստորաբաժանումը դեռեւս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրավվել մարտական գործողություններին»։ Հենց այս մասում է տեղակայված եղել Վանեցյանի ջոկատը, ինչը նշանակում է, որ կա՛մ Վանեցյանը փախել է, կա՛մ Միշկոն սխալ է տեղակայել եւ շրջափակման վտանգի տակ դրել Վանեցյանի ջոկատը։


Ներքաղաքական սրացման ինչ-որ փուլում Փաշինյանը Շուշիի մեղավոր հռչակեց նաեւ Սեյրան Օհանյանին, ապա 10 տոկոսով պայթած «Իսկանդերի» հրթիռներն էին մեղավոր։ Շուրջ երկու տարի Նիկոլ Փաշինյանը զբաղված է պատերազմի ու պարտության մեղավորների, ավելի ճիշտ՝ քավության նոխազների փնտրտուքով։ Բոլորը մեղավոր են, բացի իրենից, մեղավոր է Գլխավոր շտաբը՝  Օնիկ Գասպարյանը, Տիրան Խաչատրյանը, նախարար Դավիթ Տոնոյանը, զենք մատակարարող ընկերությունը՝ ի դեմս Պատրոն Դավիթի, որն անորակ զենք էր մատակարարել, ու դրա համար էինք պատերազմը պարտվել, բայց այսօր ՊՆ-ն կրկին նրա ընկերության հետ է կնքել զենքի մատակարարման պայմանագրերը։ Ապա «դավաճանների» որս սկսվեց՝ տասնյակ հարյուրավոր քրեական գործեր հարուցվեցին, թե բանակի միջին օղակներում ծառայողները կոորդինատներ են փոխանցել ադրբեջանցիներին՝ դրա դիմաց աննշան վարձատրություններ ստանալով։ Տասնյակ անձանց հռչակեցին դավաճան, հետագայում այդ գործերի մի մասը, պարզվեց, շինծու էր։

Հիմա մեղավոր է նշանակվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Արզումանյանը։ Քննչականը հաղորդեց, որ նա անփույթ է գործել․ «Իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն պայմաններում, որ 2020 թ․ նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք»։ Ուշագրավ է, որ 20 թվականի նոյեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Տպավորություն է, որ Փաշինյանի միակ ինֆորմացիոն աղբյուրը Միքայել Արզումանյանն է եղել, պետությունը ո՛չ անվտանգության ծառայություն ունի, ո՛չ օպերատիվ տեղեկություններ էր ստանում, եւ հիմա փորձում է ցույց տալ, թե Շուշին հանձնել են, բայց իրեն վերջում են ասել։ 


Թե ինչու է Արզումանյանը թիրախ ընտրվել, տարբեր վարկածներ են շրջանառվում, որոնցից մեկի համաձայն՝ քանի որ կրկին ակտիվացել են պատերազմում զոհված եւ անհետ կորածների ծնողները ու պահանջում են ձերբակալել Փաշինյանին, վերջինս նոր մեղավորներ է հռչակում՝ սլաքները փորձելով իր վրայից շեղել։ Մեկ այլ վարկածով՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման օրերին Փաշինյանը որոշակի մեսիջներ է հղում Ալիեւին, որ իր պահանջը՝ Արցախը ապառազմականացնելու, կռված գեներալներին փակելու մասով, ի կատար է ածելու։ Կամ էլ շեղում է հանրության ուշադրությունը նոր պայմանավորվածություններից։



Մարդիկ կարծում են՝ քանի որ զինվորականները չեն «զբաղվում» Փաշինյանով, Փաշինյանն է նրանցով զբաղվում՝ փորձելով հասարակության մեջ ամրապնդել այն կարծիքը, որ մեղավոր են բոլորը, բացի իրենից։ 


Ի դեպ, հիշեցնենք ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, որ ինքն առաջարկել էր 2020-ի հոկտեմբերի 19-ին կանգնեցնել պատերազմը, եւ այդ դեպքում Շուշին կմնար Արցախի վերահսկողության տակ, սակայն, ի զարմանս իրեն, Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել։ Հետագայում Փաշինյանը խորհրդարանում խոստովանեց, որ այդ պատերազմը Շուշիի համար էր, ու մինչեւ այն չհանձնվեր, պատերազմը չէր կանգնելու։  Այս տարվա ապրիլին նա ասում էր․ «Ասում են՝ կանգնեցնեիք պատերազմը։ Ինչու մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին։ Կամ ասում են՝ կանխեիք պատերազմը, ինչու մենք չէի՞նք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ։ Եվ մեր տղաները, ովքեր ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են այս իրավունքի համար։ Նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար։ Եվ այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետեւ, եթե այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը՝ ձեզ օրինակ։ Կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար»։


Որ պահից Միշան համախոհից դարձավ թիրախ


2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Միքայել Արզումանյանն այն զինվորականներից էր, որ ՀՀ ՊՆ-ում զբաղեցնելով գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնը, ողջունել է Նիկոլ Փաշինյանին։ Եվ ինքն էլ, քանի որ վայելում էր Փաշինյանի համակրանքը, Արցախում որոշակի քաղաքական հավակնություններ է դրսեւորել։ Ասում են՝ նա անգամ հավակնում էր նախագահի պաշտոնին, բայց «դաբրո» չի ստացել։ Արցախում գիտեն, որ Միշկոն տանել չի կարողանում ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, իսկ Բակո Սահակյանի դեմ ակցիաներ է նաեւ կազմակերպել։ Եվ երբ նրան Երեւանում պաշտոն տվեցին, իսկ հետագայում՝ պատերազմի թեժ փուլում, Արցախի ՊԲ հրամանատար, ոչ ոք չի զարմացել։ Թերեւս պատերազմում պարտությունն արդեն ակնհայտ էր, եւ նա կարող էր նաեւ հրաժարվել այդ պաշտոնից ու մնալ Երեւանում։


Միքայել Արզումանյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները փչացել են նրա՝ ՊԲ հրամանատար նշանակվելուց հետո, երբ ամենօրյա միջամտություններով ՀՀ վարչապետը միայն խանգարել է կռվողներին, եւ Շուշիի պաշտպանությունն էլ, ըստ մասնակիցների, վատ է իրականացվել նաեւ այն պատճառով, որ բանակն այդ օրերին «սնարյադ» չուներ, եւ Հայաստանից չէր մատակարարվում։ Իսկ այն, որ պատերազմի առաջին մեկ շաբաթվա պարտությունից հետո քաոս էր սկսվել եւ անկառավարելի վիճակ, որ կենտրոնացված կառավարում չկար, եւ ոչ ոք չգիտեր ինչ անել՝ ինչպես փրկել դրությունը, բոլորին է հայտնի։ Եվ այդտեղ իր մեծ լուման ուներ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։


ՀԳ․ Արզումանյանի մոտ շրջապատից տեղեկացանք, որ ամիսներ առաջ նրան հարցաքննության են կանչել եւ Քննչական կոմիտեում ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել, անգամ սպառնացել, որ եթե խելոք չմնա, կկալանավորեն։ Արզումանյանն էլ է տաքացել։ Անգամ քաշքշուկ է եղել, ապա հայտարարել է, որ իրեն այլեւս չկանչեն հարցաքննության։ Որքան էլ զարմանալի է, բայց նույնիսկ հիմա նախկին զինվորականները լռում են։ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն ասում է, որ չի կարող կարծիք հայտնել Արզումանյանի ձերբակալության մասին, քանի որ ծանոթ չէ քրեական գործի նյութերին եւ անգամ ծանոթ չէ Արզումանյանի գործունեությանը։ Լռում են Արցախի գեներալները, Օնիկ Գասպարյանը։ Իսկ այս ուղտը շուտով նրանց դռանն էլ է չոքելու՝ բոլոր նրանց, ովքեր երբեւէ քննադատել են Փաշինյանին, եւ ում Փաշինյանը պատերազմի մեղավոր է հռչակել։



bottom of page