«Կամ կսպանվիմ, կամ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ» Հրայր Դժոխք: Ճանաչենք Մեր Հերոսներին
- SMM Hub
- Feb 22, 2024
- 2 min read

Հրայր Դժոխք կամ Ուրվական, ծնունդով՝ Արմենակ Մամբրեի Ղազարյան, ծնվել է Սասունի Խուլփի գավառակի Ահարոնք գյուղում: Ընտանիքը տեղափոխվել է Մշո Ղզլաղաճ գյուղ, երբ Արմենակը դեռ մանուկ է եղել: Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։
1890 թվականից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին: 1891-1894 թվականներին Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից է եղել: Մասնավորապես, Գևորգ Չաուշը կռվել է նրա ցուցումներով: Աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը:
1893 թվականից Հնչակյան կուսակցության անդամ է եղել: Նրա գործընկերներն էին հանրահայտ հնչակյաններ Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և Միհրան Տամատյանը: Հրայրը հնչակյան կուսակցության հիմնադիրն էր Սասունում և Տարոնում։
Սասունում Հրայրը գործակցել է Թաթուլի (Արամ Արամյան) հետ: 1896 թվականի հուլիսի 2- ին Բասենի Իշխու գյուղում մատնությամբ ձերբակալվել է, տարվել Կարինի բանտ:
Ձերբակալել էին նաև Թաթուլին: Հրայրն ընդհանուր ներման շնորհիվ ազատվել է, իսկ Թաթուլը՝ 1899 թվականին կախաղան է բարձրացվել:
Հրայր Դժոխքը վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը: 1904 թվականին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին: Սասունի ապստամբության ամենաթեժ պահին, Հրայրի և Վահանի հրահանգի համաձայն, թուրքական հարձակման ենթակա գյուղերի բնակիչները պետք է աստիճանաբար նահանջեին դեպի Սասունի կենտրոնական շրջանները: 1904 թվականի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիեգուզանի ուղղությամբ՝ փորձելով փակել իշխանաձորցիների նահանջի ճանապարհը, Հրայրն ընկերներով փորձել է փակել թուրքերի ճանապարհը: 1904 թվականին Սեմալի անկումից և ապրիլի 13-ին Հրայրի մահից հետո՝ ապրիլի 16-ին մարտերը շարունակվել են Իշխանաձորում և մինչև երեկո հաջողվել է կասեցնել թշնամու առաջխաղացումը։
1904 թվականի ապրիլի 13-ին, Գելիեգուզանի
ուղղությամբ թուրքերի դեմ կռվի ժամանակ
Հրայրը նկատելով, որ Սեպուհը վիրվավորվել է, նետվում է վերջինիս օգնության։ Սեպուհը փորձում է համոզել Հրայրին, որ վերադառնա, բայց Հրայրը Սեպուհին ծանր դրության մեջ միայնակ չի թողնում: Հրայրն ի պատասխան ասում է. «Կամ կսպանվիմ, կամ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ»: Նա կարողանում է Սեպուհին դուրս հանել մարտադաշտից, բայց մահացու վիրավորվում է ճակատից և ընկնում մարտի դաշտում։
Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու բակում՝ Աղբյուր Սերոբի կողքին:
Ճանաչենք Մեր Հերոսներին
14.55.20.04.2025
19.20.19.04.2025
16.13.19.04.2025