Ի՞նչ էր ազդարարում տխրահռչակ պատգամավորը
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ է մշակում: Այս նախաձեռնության պատճառն իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթն էր ընդդեմ լրագրողների։
Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությունը կընդունվի, եթե դրան կողմ քվեարկի պատգամավորների մեծամասնությունը:
Միանգամայն վստահ կարելի է պնդել, որ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությունը չի կարող արժանանալ խորհրդարանական մեծամասնության հավանությանը, որովհետև Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ կայացրել է իր «վերդիկտը»։
Վերջին առցանց ասուլիսում վարչապետը ոչ միայն չդատապարտեց Ալեքսանյանի վուլգար արտահայտությունները, այլ անգամ փորձ չարեց սահմանազատվել դրանցից՝ գրեթե հրապարակավ հաստատելով, որ ինքն է կանգնած ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ սանձազերծված արշավի հետևում։
Վահագն Ալեքսանյանը «քաղաքական ծաղրածուի» դեր է կատարում՝ հանրությանը սեփականությունը դարձնելով այն միտումները, ծրագրերը, որոնք կան իշխանության վերնախավում։
Փաշինյանի իշխանությունը անցած չորս տարիներին «գրպանային» է դարձրել գրեթե բոլոր պետական ինստիտուտները՝ կառավարությունը, խորհրդարանը։ «Քաղաքական ներդաշնակության» ընթացքի մեջ են ՄԻՊ ու նախագահական ինստիտուտները։ Դատական իշխանության և ՏԻՄ ամբողջական «կապիտուլյացիան» ժամանակի խնդիր է։
Ավտորիտար միտումների այս համատեքստում անկարելի է պատկերացնել չորրորդ իշխանության անկախությունը։ Այս իշխանությունը՝ բազմաթիվ օրենսդրական ակտերով ու իր վարքագծով, արդեն սահամանփակել է ԶԼՄ-ների ազատությունը, լրագրողների գործունեությունը, հիմա տոտալ գրոհի ժամանակն է։ Հենց դրա մեկնարկն էր ազդարարում տխրահռչակ պատգամավորը․․․
Վահրամ Բագրատյան