top of page

Ի՞նչ և ինչո՞ւ է թաքցնում իշխանությունը



ԱԺ հերթական նստաշրջանը մեկնարկեց ավանդական դարձած «թեժությամբ», որի ընթացքում մեծամասնության և ընդդիմության պատգամավորները, որպես կանոն, դիրքային ճշգրտումներ են անում՝ առանց բովանդակային բաղադրիչի։


Օրինակ, այդպես էլ չիմացանք, թե ինչ են քննարկել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու նրա Թուրքիայի նրա գործընկերը՝ չնայած Ռուբինյանը տեղում էր ու կարող էր գոնե մի քանի նախադասությամբ անդրադառնալ «կառուցողական» որակված բանակցություններն՝ չկենտրոնանալով ընթացակարգային ինչ-որ մանրամասների վրա, որոնք հանրությանը հաստատ չեն հետաքրքրում։


Ռուբինյանը պարտավոր էր խորհրդարանին կարճ, բայց բովանդակային տեղեկատվություն ներկայացնել։ Նախ, նա ԱԺ փոխնախագահն է ու մոսկովյան այցը, ինչպես ներկայացվեց, ֆինանսավորվել է խորհրդարանի բյուջեից, բացի այդ՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ ԱԺ-ն իշխանության բարձրագույն մարմինն է, իշխանության կենտրոնը։


Բայց, թերևս, Ռուբինյանը համարում է, որ «ինչ պետք է՝ բանակցել է» ու դրա մանրամասների մասին տեղեկանալու իրավունք ունի միայն Նիկոլ Փաշինյանը։ Հետո իշխանությունը զարմանում է, որ հասարակության մեջ, ԶԼՄ-ներում բազմաթիվ դավադրային տեսություններ են շրջանառվում։


Էլ չեմ ասում այն մասին, որ իշխանությունն՝ իր «լռությամբ», այսօր հերթական սադրանքը հրահրեց ԱԺ-ում, լավ է՝ այս անգամ բանը ձեռնամարտի չհասավ։


Կամ՝ ինչո՞ւ է խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը «ցրողական» պատասխան տալիս, երբ ընդդիմադիր պատգամավորը նրան ուղիղ հարց է տալիս, թե արդյո՞ք ԱԺ նախագահի կինը ներառված է ԱՄՆ մեկնած պատվիրակության կազմում։ Այս պարագայում որևէ պատասխան շատ ավելի ընդունելի է, քան հարցը «ջրելը», մանավանդ, որ գործող իշխանությունն ինքն է խոստացել հաշվետու լինել հասարակության առաջ, Փաշինյանն էր, որ տարիներ առաջ խոսում էր «Ագորրայի» ու ժողովրդի՝ իշխանություն լինելու մասին։


Ի՞նչ և ինչո՞ւ է թաքցնում իշխանությունը․ այս հարցը հասարակությանը դեռ հուզում է, ամիսներ անց այլևս ակտուալ չի լինելու, որովհետև ժողովուրդն այլևս չի հավատալու որևէ տեղեկատվության, որի աղբյուրը իշխանությունն է, պետական մարմինները։

bottom of page