Ինչո՞ւ Ալիևը հիշեց Քոչարյանին ու Սարգսյանին
«Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել»,- երեկ APA գործակալության հետ զրույցում նշել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը։
Ադրբեջանցի դատախազի խոսքով՝ Քոչարյանն ու Սարգսյանը հետախուզվում են 1988 թվականից ծավալած գործունեության համար։
Ինչո՞ւ հենց երեկ Ալիևը հիշեց Քոչարյանին ու Սարգսյանին։
Վարկածները տարբեր են։
Ադրբեջանի նախագահի այս քայլը կարող է հետապնդել մի քանի նպատակ, ընդ որում՝ բոլոր պարագաներում Ալիևի քայլը հեռահար նպատակներ է հետապնդում։
Պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ Բաքվում Քոչարյանի ու Սարգսյանի նկատմամբ հետախուզումն անոնսավորվում է Ալիևի մոսկովյան այցի նախօրեին։ Եթե սրան հավելենք նաև այն փաստը, որ վերջին օրերին Արցախում ավելացել են Ադրբեջանի սադրանքները, միանգամայն հնարավոր է համարվում, որ Ալիևը՝ Պուտինի հետ «առևտրից» առաջ, փորձել է ուժեղացնել իր հաղթաթղթերը։
Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը չէր կարող չգիտակցել, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը որոշակի ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում։
Ադրբեջանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հայտարարված հետախուզումը կիրառական նշանակություն ունենալ չի կարող, բայց այդ որոշումը բոնուս է երկու նախկին նախագահների շուրջ համախմբված ընդդիմության համար, որը կարող է կոնսոլիդացնել հայրենասիրական ուժերին` նույն հարթության մեջ դնելով Փաշինյանին ու Ալիևին, որոնք համատեղ ուժերով հետապնդում են Քոչարյան- Սարգսյան զույգին։
«Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ և կառուցողական» ընկերներից: Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, և մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում», - նշված է Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում, ինչն, ի դեպ, ամբողջովին հաստատում է մեր վարկածը։
Այնպիսի տպավորություն է, որ Ալիևը նման քայլերով ցանկանում է մասնակից լինել Հայաստանի ներքաղաքական կյանքին։
Վահրամ Բագրատյան