top of page

Ի՞նչ ուղերձ է հասցեագրում Ստեփանակերտը



Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով արգելք են սահմանում միջազգային այն կազմակերպությունների համար, որոնք օկուպացված տարածքներում` առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել։


Նախագծում նշվում է, որ նման ընկերությունները հետագայում խնդիրներ կունենան փոխհատուցում պահանջելիս։ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ նշված են Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները և Գետաշենը:


Ընդունվելու պարագայում՝ այս օրենքի գործնական նշանակությունը շատ փոքր է։ Մի կողմից, 44-օրյա պատերազմը հանգեցրել է Արցախի սուբեկտության էական նվազեցմանը, մյուս կողմից՝ ԼՂ խնդրի բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա։


Սակայն օրենսդրական այս նախաձեռնությունը նաև մի շարք հարցեր է ծնում։


Ակնհայտորեն այն հակասության մեջ է պաշտոնական Երևանի հռչակած «խաղաղության դարաշրջանի» օրակարգի հետ։ Արդյո՞ք Արցախի խորհրդարանում այս նախաձեռնություն ծնվել է պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հակասությունների արդյունքում, թե՞ ԼՂ խնդրի հետ կապված կոնցեպտուալ հակասություններն են պատճառ դարձել, որ սառնություն առաջանա Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերություններում։


Իհարկե, հնարավոր է նաև իդեալական սցենար ու գուցե օրենքի այս նախագիծը մարտավարական քայլ է՝ համաձայնեցված Երևանի ու Ստեփանակերտի միջև։


Մյուս կողմից, Արցախի ԱԺ նախաձեռնությունը որոշակի հակասություն ունի նաև 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության հետ։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում չափազանց մեծ է ռուսական ազդեցությունը, ապա կարող ենք ենթադրել, որ այս նախաձեռնությունն առնվազն համաձայնեցվել է մոսկովյան որոշակի շրջանակների հետ։ Տեսականորեն չի կարելի բացառել, որ Մոսկվայում կարող են չընդդիմանալ դրան՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում այն որպես հաղթաթուղթ օգտագործելու նպատակով։


Սակայն սրանք միայն վարկածներ են, իսկ օրենքի նախագծի քննարկումները կարող են այլ իրողություններ բացահայտել։


Վահրամ Բագրատյան

bottom of page