Ի՞նչ որոշում կկայացնի ՍԴ-ն․ Հայաստանը՝ կարևոր նախադեպի ճանապարհին
Սահմանադրական դատարանն Ալեն Սիմոնյանի՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու որոշումը հակասահմանադրական ճանաչելու հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բողոքը քննելու է դռնբաց ռեժիմով՝ ապրիլի 5-ին։
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները բողոք են ներկայացրել Սահմանադրական դատարան պահանջելով, որ ԱԺ որոշումը, որը վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրելուն, ճանաչվի Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Նրանք պնդում են, որ ԱԺ նախագահի ընտրությունը Սահմանադրության օրենքի խախտմամբ է տեղի ունեցել, քանի որ ընտրության ժամանակ իրենց առաջադրած երկու թեկնածուների՝ «Հայաստան» դաշինքի այդ ժամանակ կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունն ապահովված չի եղել։
Ընդդիմության պահանջը իրավական առումով միանգամայն լեգիտիմ է թվում, մանավանդ, որ շաբաթներ առաջ ՍԴ-ն որոշում կայացրեց՝ ըստ էության, ապօրինի ճանաչելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների կալանավորումը, ինչից հետո նրանք ազատ արձակվեցին։
Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ ՍԴ որոշումներ վրա իրավական բաղադրիչներից բացի՝ ազդում է նաև քաղաքական կոնյուկտուրան ու նման դեպքերում՝ Բարձր դատարանի որոշումները, որպես կանոն, ունենում են իրավա-քաղաքական հետևանքներ։
Արդյո՞ք ապրիլի 5-ին Ալեն Սիմոնյանը կարող է զրկվել ԱԺ նախագահի պաշտոնից։
Տեսականորեն՝ այո, գործնականում՝ քիչ հնարավոր է, որովհետև, ի վերջո, ոչինչ չի խանգարում, որ ՍԴ նման որոշումից հետո, ԱԺ-ն նոր նիստ հրավիրի ու դարձյալ ձայների նույն համամասնությամբ Սիմոնյանին ընտրի խորհրդարանի նախագահ։
Բայց այստեղ խնդիրն ավելի բազմաշերտ է, քան՝ Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագիրը, որը մեծ հաշվով, կարող է հուզել միայն նրան, նրա մերձավորներին ու քաղաքական թիմին։
ՍԴ-ն կարողանում է կայացնել բարդ որոշումներ, որոնք, մի կողմից, չեն փոխում քաղաքական ստատուս-քվոն, բայց՝ մյուս կողմից, պարտավորեցնում են օրենսդրական նախադեպային փոփոխություններ, որոնք հետո կբացառեն մարդու ընտրելու և ընտրվելու սահմանադրական իրավունքի սահմանափակումը։
Այս առումով՝ Ալեն Սիմոնյանն, իհարկե, կարող է պահպանել պաշտոնը, բայց, օրինակ, կարող է նախադեպ ստեղծվել, որը բացառի Վանաձորի ավագանու նիստի անցկացումը՝ առանց Մամիկոն Ասլանյանի մասնակցության, որովհետև խախտվում է նրա ընտրելու և իրավունքը։
Ըստ այդմ, ՍԴ որոշումը խիստ կարևոր է ու խնդիրն այստեղ ամենևին էլ Ալեն Սիմոնյանի անձը չէ։
Վահրամ Բագրատյան