top of page

Իրավիճակը ողբերգական է՝ որոշում կայացնողներն իշխանության են եկել զանգվածներին խաբելով․ Հասրաթյան


ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ ԱԽ քարտուղարի պաշտոնն զբաղեցնող անձը, պայմանավորված հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցող զարգացումներով, այսօր հայտարարեց, թե «Հայաստանն առաջանահերթ կարծում է, որ ՌԴ-ի եւ ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմելու, այսինքն միջազգային այլ գործընկերների...»։

Լսում և հերթական անգամ համոզվում եմ, որ սրա մեջ վաղուց մեռած է ոչ միայն արցախցու խիղճն ու ոգին, այլև շարունակում է լինել այն անհայրենիքը, որի վերջին հանգրվանը ոչ ավելին է, քան իր սեփական ես-ի չեղած տարածքը... Մարդ, որը ներկայացնում է իշխանություն և իր երկրի պատիվը պաշտպանելու համար, որպես անվտանգության երաշխավոր վկայակոչում է Ռուսաստանի Դաշնությունը, ՀԱՊԿ-ն կամ միջազգային հանրությունը և անտեսում ամենակարևորը՝ իր ազգային ներուժը, կամա թե ակամա, այդ երկիրը աշխարհաքաղաքական գործոնից վեր է ածվում աշխարհաքաղաքական խաղացողների ձեռքի գործիքի։ Այնինչ, մենք տարիներ շարունակ կայինք որպես վճռորոշ գործոն, և գիտե՞ք ինչու., որովհետև երկիր ղեկավարողները, իրենց թերություններով հանդերձ, լավատեղյակ էին ոչ միայն աշխարհաքաղաքական զարգացումներին, այլև տիրապետելով սեփական ներուժին, կարողանում էին այն գրագետ ծառայեցնել Հայրենիքի շահերին։ Ավա՜ղ, այսօր այլ է իրավիճակը։ Իրավիճակը ողբերգական է, քանի որ որոշում կայացնողներն ու իրականացնողները ոչ թե ազգային շահը գիտակցող և հանուն դրա պայքարող ընտրյալներն են, այլ նրանք, ովքեր իշխանության են եկել զանգվածներին խաբելով։ Իսկ զանգվածներին խաբելով, խաբվում է նաև երկիրը և արդյունքում ունենում ենք այն, ինչ այսօր ունենք»։


1/2311
bottom of page