Իշխանության պոռոտախոսությունը․ գալու է հատուցման պահը
Ընդդիմադիր պատգամավորների բոյկոտի պայմաններում Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովը երեկ միաձայն կողմ է քվեարկել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողովի ի աշխատակարգին։
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում է, ընդդիմադիրների բոյկոտը չի կարող հանձնաժողովի նկատմամբ անվստահություն ստեղծել:
«Եթե մեր ընդդիմադիր գործընկերները կամ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որպեսզի իրենք բաց ճակատով գան ու իրենց հետաքրքրող հարցերը ուղղեն ցանկացած պաշտոնյայի, ցանկացած փաստաթղթի հետ ծանոթանալու առումով, դա արդեն խոսում է, թե ինչ որակի ընդդիմություն ունենք», - հայտարարել է նա:
Քոչարյանի ելույթը նման էր պոռոտախոսության, ակնհայտ է, որ քննիչ հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահության մակարդակը շատ ցածր է։
Այստեղ խնդիրն ամենևին էլ ընդդիմությունը չէ, որի գործունեության արդյունավետության կամ որակի մասին կարող ենք շատ երկար խոսել։
Այն իշխանությունը, որի օրոք տեղի են ունեցել պատերազմն ու արձանագրվել է նվաստացուցիչ պարտություն՝ չի կարող երաշխավորել պատերազմի հանգամանքների օբյեկտիվ քննություն։ Սա ոչ թե կանխակալ մոտեցում է, այլ աքսիոմատիկ ճշմարտություն։ Նույնիսկ կենցաղային մակարդակում որևէ մեկը չի կարող իր արարքի օբյեկտիվ գնահատականը տալ, ինքն իրեն դատավոր լինել։
Քննիչ այս հանձնաժողովը կարող էր «արդյունավետ» լինել, եթե մեծամասնությունն ու խորհրդարանական ընդդիմությունը կոնսենսուս ձևակերպեին՝ բանակին ու գեներալիտետին «մեղավոր» կարգելու հարցում։ Նման կոնսենսուս չկա։
Քննիչ հանձնաժողովը փորձելու է Նիկոլ Փաշինյանի ու իշխանության երեսից մաքրել պատերազմի պարտության խարանը՝ «նշանակելով» արհեստական «մեղավոր» կամ «մեղավորներ»։ Ի սկզբանե դատապարտված փորձ է, որովհետև եթե անգամ Փաշինյանը մի քանի ընտրություններում էլ հաղթի կամ տասը նման հանձնաժողով էլ ստեղծի՝ չի կարող սրբագրել պատմությունը, իր պատասխանատվությունը պատերազմի սանձազերծմանը նպաստելու, փնթի, անպատասխանատու կառավարման ու պատերազմի պարտության հարցերում։
Անդրանիկ Քոչարյանի պոռոտախոսությունն ընդամենը բացահայտում է իշխանության խուճապը, այն գիտակցումը, որ միևնույն է՝ գալու է հատուցման պահը։
Վահրամ Բագրատյան