top of page

Ամերիկայում հայտնաբերվել է կապիտան Ջեյմս Քուքի խորտակված նավը



Խորտակումից հետո ավելի քան երկու դար անց ԱՄՆ-ում հայտնաբերվել է Ջեյմս Քուքի նավը, որով նա ուղեւորվել էր Ավստրալիա 1770 թվականին: Ուսումնասիրությունները բազում տարիներ են տեւել, սակայն դեռեւս ոչ բոլոր մասնագետներն են համաձայն իրենց գործընկերների եզրակացությունների իսկության հետ, հաղորդում է Planet Today-ը՝ հղում անելով Australian Geographic-ին:


Բրիտանացի ճանապարհորդ եւ հետազոտող Ջեյմս Քուքի Endeavour նավի մնացորդները ավելի քան երկու հարյուր տարի մնացել են ԱՄՆ-ի Նյուպորտ նավահանգստի հատակին: 22 տարի տեւած արխիվների ուսումնասիրությունից եւ հնագիտական հետազոտություններից հետո մասնագետները կարողացել են նույնականացնել նավը:


Ավստրալիայի ազգային ծովային թանգարանի գործադիր տնօրեն Քեւին Սամփշնի կարծիքով՝ նավի հայտնաբերումը ամենախոշոր բացահայտումներից է գիտության պատմության մեջ: Նա նշում է, որ նավը, որով լողում էր Ջեյմս Քուքը, կարեւոր է Ավստրալիայի, նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի եւ այժմ նաեւ ԱՄՆ-ի պատմության համար:


Սակայն Ռոդ Այլենդի Ծովային հնագիտության նախագծի տնօրեն Քեթի Աբասը նշել է, որ հենց իր կազմակերպությունն է ղեկավարում պեղումները: Սակայն Endeavour նավի իսկության մասին վերջնական հաշվետվությունը դեռեւս չի հրապարակվել: Բացի այդ, նա նշել է, որ ոչ բոլոր ապացույցներն են դեռեւս հավաքագրվել, եւ գիտական պեղումները շարունակվում են:


Այժմ Ջեյմս Քուքի նավից մնացել է ընդամենը 15 տոկոսը: Սակայն բեկորների որոշ մասեր թույլ են տվել գիտնականներին պնդել, որ դա հենց այդ նավն է: Այժմ մասնագետները մշակում են ծրագիր, թե ինչպես պահպանել նավի մնացորդները:

bottom of page