top of page

Լիբերիայում եկեղեցու վրա զինված հարձակման և հրմշտոցի զոհն է դարձել 29 մարդ, այդ թվում՝ 11 երեխա


Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում մի խումբ զինված տղամարդիկ հարձակում են գործել եկեղեցու վրա հենց պատարագի ժամանակ։ Փախուստի փորձը հանգեցրել է ներսում հրմշտոցի, որը 29 մարդու կյանք է խլել։ Զոհերից 11-ը երեխաներ են. հայտնում է Reuters գործակալությունը։


Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, Նյու-Կրու-Թաուն շրջանում։ Հարձակման պահին եկեղեցում հարյուրավոր մարդիկ են եղել։ Ականատեսներից մեկը հայտնել է, որ փախուստի փորձի ժամանակ շատերն ընկել են, մյուսները նրանց ոտնակոխ են արել։ Ականատեսի խոսքով՝ հարձակվողները ցանկացել են կողոպտել հավատացյալներին։


Բժիշկների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածների թվում կան ծանր վիրավորներ։ Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ զոհերից մեկը եղել է հղի կին։


Լիբերիայի նախագահ Ջորջ Վեան, ով հինգշաբթի այցելել է ողբերգության վայր, երկրում եռօրյա սուգ է հայտարարել։

bottom of page