Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. «Ժողովուրդ»
- Lida Nalbandyan
- 7 hours ago
- 1 min read
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար ԱԺ-ում շրջանառության մեջ դրված ընդդիմության նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, կտապալվի:
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ խմբակցության ներսում Անդրանիկ Քոչարյանը հասցրել է այս օրերի ընթացքում համախոհներ ձեռք բերել եւ համոզել թիմակիցներին, որ իր դեմ դուրս չգան եւ Էթիկայի հանձնաժողով չձեւավորեն: Թեեւ նա նախօրեին խնդրել էր հետաձգել իրեն վերաբերող հարցի քննարկումը ՔՊ խմբակցության ձեւաչափով` պատճառաբանելով, թե Փաշինյանի հետ կխոսի, նոր գործընթացը թող սկսեն, բայց իրականում նա վարչապետի հետ զրույց չի ունեցել, պարզապես իրեն ժամանակ է պետք եղել, որ երիտասարդ պատգամավորներին համոզի` «չզոհաբերեն» իրեն:
Կարծես թե այս անգամ էլ Անդրանիկ Քոչարյանն անպարտելի դուրս եկավ, եւ նրա հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու ընդդիմության նախաձեռնությունը ՔՊ-ն կտապալի խորհրդարանում»։