Ծանր հանցագործությունների թիվն աճել է. թվեր. «Ժողովուրդ»
- Arnold Gevorgyan
- 2 days ago
- 2 min read
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունում ամեն լուսաբաց սկսվում է սպանությամբ, դանակահարությամբ, խուլիգանությամբ, ավազակային հարձակման դեպքերով եւ հանցանքի վերաբերյալ այլ լուրերով։
Գլխավոր դատախազն օրերս Ազգային ժողովում պետք է ներկայացնի հանցագործության մասին վիճակագրական թվեր։«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ հանցագործությունները ներկայացված են ըստ դեպքերի ծանրության։
Այսպիսով՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք, որը 2023 թվականի համեմատ նվազել է 434 հազար դեպքով կամ 1.1%-ով։ 2023 թվականին գրանցվել է 40.666 դեպք, 2024 թվականի դեպքերից 18.397-ը գրանցվել է (2023 թվականին՝ 20.231 դեպք) Երեւան քաղաքում:
2024 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունների աճ: Այս մասին հայտնում է Դատախազությունը։ Միաժամանակ նվազել են միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերը:
2023 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով կամ 1.7%-ով՝ 2023 թվականին 20.024 դեպք, 2024 թվականին 20.361 դեպք, միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով՝ 2023 թվականին 12.848 դեպք, 2024 թվականին 12.253 դեպք, ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով՝ 2023 թվականին 6116 դեպք, 2024 թվականին 5518 դեպք, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով՝ 2023 թվականին 1678, 2024 թվականին 2100 դեպք:
Առանձնապես ծանր հանցագործությունների 2100 դեպքերից 1502-ը հանկարծամահությունների դեպքերն են։ Հարկ է նշել, որ 2023 թվականին առանձնապես ծանր հանցագործություններից գրանցված 1678 հանկարծամահությունների դեպքերը կազմել են 1132: Այլ խոսքով, եթե առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը ներկայացվեն առանց հանկարծամահությունների թվերի, ապա կարող ենք փաստել, որ 2024 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 598 դեպք՝ նախորդ տարվա 546-ի դիմաց։ Կրկին աճ է գրանցվել։2014-2024 թվականների հանցավորության ցուցանիշը վկայում է, որ ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը կազմելէ 17.5%, մինչդեռ 2024 թվականին ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 19%-ը: Վերջին 10 տարվա ընթացքում նշված ցուցանիշից ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել է 2014 թվականին՝ 19.9%, 2015 թվականին՝ 20.0% եւ 2023 թվականին՝ 19.1%»։