«Հրապարակ». Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ։ Աղազարյանի մանդատի հարցը քննարկելիս, ի տարբերություն մյուսների, որոնք կրկնել են Փաշինյանին եւ հորդորել, թե ԱԺ-ի միջադեպը տգեղ էր` դրան պետք է քաղաքական պատասխանատվություն հետեւի` մանդատիցդ հրաժարվիր, Միքայելյանը փորձել է ավելի «կաթոլիկ» լինել եւ հայտարարել է, որ խնդիրը միայն լսումները չեն, այլ այն, որ Աղազարյանի անունը շրջանառվում է կոռուպցիոն պատմության մեջ․ նկատի է ունեցել ոչխարների պատմության գործով քրեական վարույթը, որը հարուցվել է մեկ անձի ցուցմունքով, թե իբր պատգամավորը 100 հազար դոլար կաշառք է պահանջել՝ սկսնակ գործարարին աջակցելու, ոչխարների արտահանումը կազմակերպելու համար։
Միքայելյանի ելույթից հետո, ինչպես ասում են, շներին կապել են` Աղազարյանին բաց թողել։ Նա զայրացել է «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներից եւ ասել՝ կաշառքը ես եմ վերցնում, դղյակներն ուրիշնե՞րն են կառուցում, միլիոնանոց բիզնեսներ են դրել ու հարստացել «այստեղ նստածներից շատերը»։
Ներկաները չեն համարձակվել Աղազարյանից անուններ պահանջել, քանի որ վարչության անդամների մեծ մասը եւ հատկապես` Սասուն Միքայելյանը իշխանափոխությունից հետո են միլիոնատեր դարձել։ Իսկ Միքայելյանների տոհմը, առհասարակ, Կոտայքի բդեշխներն են դարձել, որտեղ մեծ սեփականություն եւ անհամար բիզնեսներ ունեն»: