«Հրապարակ». «Հրապարակը» դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել: Դրանցից մեկն առավել հաճելի է, որովհետեւ առաջին ատյանում պարտվել էինք եւ գրեթե հույս չունեինք, որ Վերաքննիչ դատարանում հաջողություն կունենանք` հաղթել ենք Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին, որի ղեկավարած նախարարության մասով Արցախում քրեական գործ կար հարուցված:
Մեր հրապարակումը դուր չէր եկել Խանումյանին, եւ նա 2022 թ. մայիսին դիմել էր դատարան` «զրպարտությունը հերքելու եւ փոխհատուցում վճարելու» պահանջով: Առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարել էր նրա պահանջը, իսկ վերաքննիչ դատարանը` Լ. Սարգսյան, Ի. Բաղմանյան, Լ. Հովհաննիսյան կազմով, ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի վճիռը, մերժել հայցը, բավարարելով մեր ներկայացուցչի` փաստաբան Միքայել Ահարոնյանի բողոքը:
Հաջորդ հաղթանակն էլ պակաս կարեւոր չէ` հրապարակախոս Հասմիկ Բաբաջանյանը 2020 թ. մարտին մի հոդված էր գրել, հոդվածի «հերոսի» ծնողները դիմել էին դատարան: 4 տարի հայցը քննվել է, եւ վերջապես քննությունն ավարտվել է: Բաբաջանյանի շահերը ներկայացնող «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակը շահել է դատը` հերթական հաղթանակը պարգեւելով «Հրապարակին»: Եվս մի գործով ունենք դրական ելք` Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը` տխրահռչակ ԱՆԻՖ-ը, որը 4 հայց էր ներկայացրել «Հրապարակի» դեմ եւ դրանցից երկուսով պարտվել, երրորդով չի ներկայացել դատարան, եւ հայցը մնացել է առանց քննության»: