«Հրապարակ». Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի լարված փոխհարաբերությունները սկսել են նյարդայնացնել նաեւ մարզպետարանի աշխատողներին, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների ղեկավարներին, որոնք հայտնվել են երկու քարի արանքում եւ զգուշավոր են դարձել ու լարախաղացի նման ամեն ինչ անում են, որ երկու պաշտոնյաներից ոչ մեկի աչքի փուշը չդառնան։
Նախօրեին` նույն օրը, գրեթե նույն ժամերին, մարզպետն առանձին է խնջույք կազմակերպել՝ ռեստորան հրավիրելով դպրոցի տնօրեններին, ԲԿ աշխատակիցներին, մարզպետարանի ենթակայությամբ այլ հիմնարկների աշխատակիցներին, իսկ Կապանի քաղաքապետ Փարսյանն էլ քաղաքի տոնածառի լույսերը վառելու տոնական միջոցառումն է արել, որին հրավիրված մարդկանցից շատերը չեն կարողացել մասնակցել՝ մարզպետի միջոցառմանը մասնակցելու պատճառով։
«Հեչ սիրուն չի, հատկապես սահմանային Սյունիքում, երբ արտաքին մարտահրավերները գլխներիս կախված են, իսկ մենք ներքին գզվռտոցի ենք ականատես լինում»,- նեղսրտեց մեր զրուցակիցը»: