«Հրապարակ». Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանը երեկ հայտարարություն տարածեց 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանում սկսվող «ապօրինի ու կեղծ» դատավարության կապակցությամբ, որն այսօր է մեկնարկելու: Հայտարարությամբ նաեւ ՀՀ իշխանություններին կոչ են անում հետևողականորեն ու վճռականորեն բարձրացնել գերիների հարցը՝ բոլոր ատյաններում, քանի որ «Հայազգի բոլոր պատանդների իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների իրավական ու բարոյական պարտավորությունների մեջ»:
Հայտարարությունից ժամեր անց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական Հայրենիք»-ը հայտարարություն տարածեց, թե իրենք համաձայնություն չեն տվել գերիների վերաբերյալ տեքստին և իրենց անունից հանդես գալու իրավասություն չեն վերապահել որևէ մեկին։
««Միասնական հայրենիք» խմբակցությունը զերծ է մնում միասնականության դրսևորման կեղծ փորձերից, ուստի և պահանջում է հանել իր անունը հայտարարության տակ ստորագրած մասնակիցների ցանկից»,- ասված էր հայտարարության մեջ։
Արցախի խորհդարանից մեզ վստահեցրեցին, որ Բաբայանի երկու կուսակիցները՝ ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Բաղունցն ու խմբակցության ղեկավարը մասնակցել են հայտարարության տեքստի մշակման աշխատանքներին, անգամ առաջարկներ են արել, որոնք տեղ են գտել հայտարարության մեջ․ «Ի տարբերություն մյուս խմբակցությունների, որոնք ներկա էին տեքստի քննարկումներին՝ մեկական հոգով, «Միասնական հայրենիք»-ից ներկա էին երկուսը», մեզ փոխանցեց ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ կարծիք հայտնելով, որ հավանաբար ՀՀ իշխանությունների ճնշումների ներքո են հետողորմեա արել։
Դատավարությունը կսկսվի վաղը, արցախցիները եւ «Միասին» շարժումն այս առիթով բողոքի ցույցեր են նախատեսել կառավարության, ԱԳՆ-ի դիմաց»: