5 նախարարությունում առաջին փոխնախարար չկա. ՔՊ-ի սովը. «Ժողովուրդ»
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_773d8d42cce2444db87c5f7083cfff9a~mv2.jpg/v1/fill/w_750,h_389,al_c,q_80,enc_auto/0b80d6_773d8d42cce2444db87c5f7083cfff9a~mv2.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ բացահայտ նախընտրական քարոզարշավ է անցկացնում, սակայն իր ղեկավարած կուսակցությունում կամ դրա շուրջ կադրեր չկան՝ պետական պաշտոններում նշանակվելու համար։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, արտաքին գործերի նախարարությունում, ֆինանսների նախարարությունում, շրջակա միջավայրի նախարարությունում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում անգամ նախարարի առաջին տեղակալի հաստիքներն են թափուր:
Ավելին՝ իշխանությունը 1-2 ամիս մի քանի ընտրական փուլ անցկացնելուց հետո միայն կարողացավ գտնել արդարադատության նախարար եւ Գրիգոր Մինասյանին փոխարինող։ Ու թեեւ հայտարարվել էր, որ նոր նախարարը պետք է լինի քաղաքական թիմից, բայց այդպես էլ չգտան նրան, մի կերպ Սրբուհի Գալյանին նշանակեցին նախարարի պաշտոնում:
Գալյանը տեղակալներ նշանակեց 2 երիտասարդների՝ Տիգրան Դադունցին եւ Աննա Կարապետյանին, վերջինս անգամ իրավաբանի կրթություն չունի։
ՏԿԵ նախարարության կադրային սովը հասել է նաեւ նրա ենթակայության տակ գտնվող Ջրային կոմիտե։ Վահագն Գեւորգյանը՝ Ջրային կոմիտեի նախկին նախագահը, դեկտեմբերի 20-ին վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականից։
Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել. այժմ նա տնային կալանքի տակ է։
Կադրային սովը այցելել է տեսչական մարմիններ եւս. օրինակ՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն գրեթե 3 տարի է նախագահ չունի։
Հարկ է նշել, որ ազատ են պետական մարմինների ղեկավարների հաստիքները, քաղծառայության հաստիքները՝ փորձագետ, մասնագետ եւ այլն։
Մարդիկ չեն ցանկանում Փաշինյանի օրոք պետական պաշտոն զբաղեցնել»: