Օրվա լուսանկարը․ ստվերված խառնարան՝ Մարսի մակերևույթին
«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան ներկայացրել է մարսյան խառնարաններից մեկի շքեղ պատկերը։ Պատկերը Երկիր է փոխանցվել Trace Gas Orbiter (TGO) ուղեծրային սարքից։ Այս մասին գրում է 3dnews.ru-ն։
Հիշեցնենք, որ TGO-ն ռուս-եվրոպական «Էկզոմարս» (ExoMars) նախագծի մոդուլներից մեկն է: Նա Կարմիր մոլորակ է մեկնել 2016 թվականին՝ «Սկիապարելլի» (Schiaparelli) վայրէջքային մոդուլի հետ, որը վթարի է ենթարկվել։
TGO կայանը նախատեսված է Մարսի մթնոլորտը եւ մակերեսը դիտարկելու համար: Բացի այդ, այն կապահովի տվյալների ռետրանսլյացիա ExoMars-2022 առաքելության համար, որի շրջանակներում 2023 թվականին Մարս կժամանի «Ռոզալինդ Ֆրանկլին» եվրոպական ռովերը եւ ռուսական վայրէջքային «Կազաչոկ» հարթակը:
Ներկայացված նկարում պատկերված է մոտավորապես 6 կմ տրամագծով խառնարան: Լուսանկարում գոյացության մի կեսը բավական լավ լուսավորված է, իսկ մյուսը ստվերում է:
«Հետաքրքիր առանձնահատկություններ տեսանելի են ինչպես խառնարանի ներսում, այնպես էլ դրսում: Հարվածի հետեւանքով կենտրոնական մասից ժայռերի հսկայական ծավալներ են արտանետվել՝ ստեղծելով խառնարանից արձակվող ճառագայթանման նախշեր։ Խառնարանի ներսում հանքանյութը փլուզվել է դեպի կենտրոն, իսկ պատերին եւ եզրերին տեսանելի են վերջերս ձեւավորված կիրճեր»,- նշում է «Ռոսկոսմոսը»:
Ամբողջական լուծաչափի համայնապատկերը կարելի է այստեղ դիտել: