«Մարտի են գնում ծերուկները», կամ՝ ուրացման մի պատմություն
Ի՞նչ քաղաքական բաղադրություն ունի իշխանության խորհրդարանական հենարանը՝ ՔՊ խմբակցությունը։
Դրանում ընդգրկված են «հեղափոխական» համարվող մի շարք անփորձ երիտասարդներ, որոնց, ի դեպ, շատ փոքր մասն է «քայլել» Նիկոլ Փաշինյանի հետ, ուղղակի կարիերիստներ, որոնք երեկ հարմարվում էին «հանցագործ նախկիններին», այսօր՝ «հեղափոխական ռոմանտիկներին», և իհարկե՝ «նախկիններ»։
Այո, այո, չզարմանաք՝ «նախկիններ»։
Օրինակ, ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նույնիսկ «նախկիների նախկին» է, որովհետև հասցրել է մաս կազմել նախորդ շրջանի երկու վարչակազմերի, ընդ որում՝ միմյանցից արմատապես տարբեր՝ գաղափարական, արժեքային բաղադրիչներով։
Ինչպիսին կլիներ երիտասարդ կոմունիստ Խաչատրյանի կենսագրությունը, եթե տեղի չունենար 88-ի համազգային շարժումը։
Մինչ 1988-ին հազարավոր, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ հեղեղել էին Երևանի, հանրապետության հրապարակները և արդար լուծում էին պահանջում Արցախի խնդրին՝ մեր «հերոսը» նշանակվեց ՀԿԿ Գուգարքի շրջկոմի առաջին քարտուղար ու ասում են՝ մտերմիկ շրջապատում, մի քիչ էլ գինովցած, պատմել է իր երազանքի մասին։ Այո, նա տենչում էր դառնալ «ցեկայի» տերը, այլ խոսքով՝ ՀԿԿ առաջին քարտուղար։
Բայց «շաբաթն ուրբաթից» շուտ եկավ ու 1990-ի օգոստոսին մի ուրացման հետևանքով՝ Վիգեն Խաչատրյանը թքեց թե կոմկուսի և թե իր երազանքի վրա։ Նա ԳԽ նախագահի ընտրություններում որոշեց պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը ու ինտեգրվել ՀՀՇ-ի թիմին։
Իհարկե, Խաչատրյանը երկրում թիվ մեկ «ասող» չդարձավ, բայց վայելեց ՀՀՇ-ական իշխանության բոլոր վայելքները՝ պատգամավոր, Երևանի փոխքաղաքապետ, Լոռվա մարզպետ․․․
Նույնիսկ հասցրեց սեփական «ռամկավարական» կուսակցությունը ստեղծել, թե ասա՝ 1973-ից «երդվյալ» կոմերիտա-կոմունիստ Խաչատրյանը ո՞նց դարձավ նույնքան «երդվյալ» լիբերալ- դեմոկրատ։
Բայց ի՞նչ «երդվյալ», ի՞նչ «իզմ»։
«Ծերունի» Վիգենը կյանքում երկրորդ դավաճանությունն արեց՝ հանուն իշխանության ու փողի։
Մինչ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին «ազգակործան պատուհաս» էր անվանում՝ նա հասցրեց հայտնվել ՔՊ նախընտրական ցուցակում և ընտրվել պատգամավոր, ի դեպ՝ Խաչատուր Սուքիասյանի «քվոտայով»։
Աստված երկար կյանք տա մեր «հերոսին», շատ երկար, որպեսզի նա հասցնի ուրանալ նաև Նիկոլ Փաշինյանին՝ բոցաշունչ ելույթներ ունենալով վերջինիս կապիտուլյանտ ու դավաճան լինելու մասին։
Վահրամ Բագրատյան