Մոսկվան Ուկրաինան «բերելու» է ռուսական ազդեցության գոտի
ՌԴ-ն ռազմական գործողություններ է ձեռնարկել Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռազմական գործողության նպատակն՝ Ուկրաինայի ապառազմականացումն է և ապաազգայնականացումը: Ըստ Պուտինի, ՌԴ-ն նպատակ չունի օկուպացնել Ուկրաինայի տարածքը:
Ռուսական զինված ուժերն ոչնչացնում են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքները, փորձ է արվելու հսկողության տակ վերցնել Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներն ու հեռացնել Կիևի արևմտամետ իշխանություններին՝ դրանք փոխարինելով ռուսամետ ուժերով՝ այդ կերպ Ուկրաինան վերադարձնելով ռուսական ազդեցության գոտի:
Ուկրաինան ունի կարևոր գեոպոլիտիկ դիրք և եթե Մոսկվային հաջողվի հսկողություն սահմանել այդ երկրի նկատմամբ, ապա փոխվելու է գեոպոլիտիկ բալանսն ոչ միայն հետխորհրդային շրջանում, այլ նաև Արևելյան Եվրոպայում և սևծովյան տարածաշրջանում:
ՌԴ-ն ռազմական գործողությունների դիմեց, քանի որ Արևմուտքն ականջալուր չեղավ Մոսկվայի պահանջներին՝ ՆԱՏՕ-ն չընդլայնելու և Ուկրաինան հակառուսական պլացդարմ չդարձնելու հետ կապված: Երբ դիվանագիտությունն անզոր է՝ գործի են անցնում զինված ուժերը: Արևմուտքն իհարկե շատ կոշտ տնտեսական և այլ տիպի պատժամիջոցներ է կիրառելու Մոսկվայի դեմ, սակայն ռազմական բախման մեջ չի մտնելու միջուկային գերտերություն ՌԴ-ի հետ: Պուտինը նախազգուշացրել է, որ ՌԴ-ն պատրաստ է ցանկացած սցենարի:
ՌԴ-ի համար այսօրվա արևմտամետ, ՆԱՏՕ ձգտող և ամբողջովին Արևմուտքի ազդեցության տակ գտնվող Ուկրաինան՝ ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիք է, քանի որ իր տարածքը կարող է տրամադրել ամերիկյան, ՆԱՏՕ-ական ռազմաբազաների և անգամ միջուկային զենքի տեղակայման համար:
Ուկրաինայի բնակչության մեծամասնությունը՝ հատկապես Արևելյան Ուկրաինայի, ռուսամետ են, ռուսախոս և ռուսական զորքերին դիմադրություն ցույց չեն տա: ՌԴ-ն փորձելու է Ուկրաինան ապագայում մտցնել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի կազմ՝ պոկելով Արևմուտքից, որպեսզի այլևս երբեք Ուկրաինայից որևէ սպառնալիք չլինի ռուսական պետականությանը:
Արևմուտքն, ինչպես և 2008թ.-ի վրաց-օսական պատերազմի օրերին սահմանափակվելու է դիվանագիտական հայտարարություններով՝ չմտնելով ուղիղ ռազմական բախման մեջ ՌԴ-ի հետ: Արևմուտքը, ՆԱՏՕ-ն կարող են ռազմական աջակցություն ցուցաբերել ուկրաինական զորքերին, սակայն դա որևէ էական նշանակություն չի ունենա՝ հաշվի առնելով ռուսական բանակի քանակն ու հզորությունը:
Ուկրաինայում ռազմական գործողությունը Մոսկվայի «մեսիջն» է Արևմուտքին, որ հետխորհրդային տարածքը՝ ռուսական կենսական շահերի, ազդեցության գոտի է և Մոսկվան չի հանդուրժելու այդ երկրների վերածումը հակառուսական պլացդարմների:
Արտյոմ Բալասանով