Նիստ, որը չի կայանալու՝ հանուն Թուրքիայի
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով. «Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ:
Նիստը նախաձեռնել է խորհրդարանական ընդդիմությունը ու դա բնական է, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վավերացված Շուշիի հռչակագիրը ոչ միայն տարածարջանային նոր իրողություններ է փաստաթղթավորում, այլ նաև շոշափում է բազմաթիվ հարցեր, որոնք անվտանգային ռիսկեր են ծնում Հայաստանի համար։
Տրամաբանական կլիներ, որ Անկարայի ու Բաքվի կողմից այս հռչակագրի վավերացումից հետո, նման նիստ նախաձեռներ Հայաստանի իշխանությունը։ Սակայն անիմաստ է այդպիսի սպասում ունենալը, որովհետև անգամ նման նիստը հակոտնյա է համարվում Նիկոլ Փաշինյանի հռչակած «խաղաղության դարաշրջանի» օրակարգին։
Հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել են հունվարին 14-ին Մոսկվայում, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։
Երևանում այնքան «խանդավառված» են առաջին հանդիպման արդյունքներից, որ թուրքական կողմին առաջարկել են բանագնացների երկրորդ հանդիպումը կազմակերպել փետրվարի 24-ին, այս անգամ՝ Վիեննայում։
Շուշիի հռչակագրի քննարկումը Հայաստանի խորհրդարանում նախատեսված է բանագնացների հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ եւ ենթադրում ենք, որ ՔՊ-ական մեծամասնությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, տապալելու է արտահերթ նիստի անցկացումը։ Համենայն դեպս, դա է հուշում գործող իշխանության բավականին պարզունակ մարտավարությունը։
Այսպիսով՝ շատ հնարավոր է, որ Հայաստանի ներքին կյանքին վերաբերող իրադարձությունը տեղի չունենա՝ հանուն Թուրքիայի։
Նման բան նորմալ երկրներում տեղի ունենալ չի կարող, Նիկոլի Հայաստանում՝ հնարավոր է։
Վահրամ Բագրատյան